Ի՞նչ է անհրաժեշտ Հաղորդություն ստանալու համար
Հաղորդություն ստանալու համար անհրաժեշտ է.
1. Պետք է լինել մկրտված, եթե անձը մկրտված չէ, իրավունք չունի հաղորդություն ստանալ:
2. Ս. Հաղորդության մոտենալ մեծ հավատքով և ինքնաքննությամբ՝ խորհելով սեփական մեղքերի մասին:
3. Պետք է զղջալ և ցավ ապրել գործած մեղքերի համար, ապաշխարել:
4. Պետք է մասնակցել Խոստովանության կարգին, որը տեղի է ունենում Ս. Պատարագի ժամանակ: Խոստովանել մեղքերը Աստծու և Նրա պաշտոնյայի՝ հոգևորականի առջև: Խոստովանության կարգի ժամանակ պետք է ծնկի իջնել և աղոթքով ու զղջումով հետևել ընթերցվող մեղքերի ցուցակին` ամեն անգամ քահանայի հետ կրկնելով «Մեղայ Աստուծոյ» արտահայտությունը: Առանց խոստովանության չի կարելի մոտենալ Ս. Հաղորդության խորհրդին:
5. Պետք է ծոմ պահել, այսինքն՝ Հաղորդություն ընդունելու օրը, հաղորդությունից առաջ արգելվում է որևէ բան ուտել կամ խմել: Ծոմապահությունը պետք է սկսել Ս. Պատարագի օրվան նախորդող երեկոյից, կամ Ս. Պատարագի օրվա առավոտից: Եթե ինչ որ բան կերել կամ խմել ենք, ապա չի կարելի մոտենալ Ս. Հաղորդության խորհրդին:
6. Հղի կանայք, երեխաները և հիվանդները կարող են հաղորդվել առանց ծոմապահության:
7. Ծանր հիվանդները կարող են հաղորդվել տանը, առանց ծոմապահության:
8. Ս. Հաղորդություն չի տրվում հետ ծննդաբերության քառասունքի մեջ գտնվող կանանց և դաշտանի ժամանակ:
9. Ս. Հաղորդություն ստանալու բուն պահը պատարագի վերջում է, երբ սարկավագն ասում է. «Երկիւղիւ եւ հաւատով յառաջ մատիք եւ սրբութեամբ հաղորդեցարուք:
10. Հաղորդությանը մոտենալիս պետք է խաչակնքվել և ասել «Մեղայ Աստուծոյ»: Կանայք պետք է լինեն գլխաշորով:
11. Հաղորդություն ստանալուց հետո չհեռանալ եկեղեցուց մինչև պատարագը չավարտվի:
Qahana.am