Բաժիններ՝

Փաստերի ստուգման ուղեցույցը կօգնի լրատվամիջոցներին

«Փաստերի ստուգման» ուղեցույցn այսուհետ կօգնի լրատվամիջոցներին ու անհատներին առավել ուշադիր լինել իրենց մատուցվող լուրերի հանդեպ։  «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ուղեցույցի շնորհանդեսը։ Ի դեպ, այն առկա է նաև առցանց տարբերակով։

«Լրատվական ահռելի հոսքի պայմաններում հաճախ փաստերի ստուգումն իր տեղը զիջում է օպերատիվությանը»,- նկատում են քննարկմանը ներկա բանախոսները և հավելում, որ հենց այս պատճառով են  նախաձեռնել «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագիրը։

«Մենք ծրագրի իրականացման բոլոր փուլերում ավելի ու ավելի էինք համոզվում, որ փաստերի ստուգման մշակույթի ամրապնդումը մեր մեդիադաշտում ավելի քան արդիական է»,- ասում է  «Հանրային լրագրության ակումբի» ղեկավար Սեդա Մուրադյանը։

Ուղեցույցի հեղինակը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն է, ով քննարկման ժամանակ ներկայացրեց փաստերի ստուգման ժամանակ օգտակար առցանց գործիքները և պատմեց ուղեցույցի մասին.

«Միայն անվճար գործիքներ են ներկայացված, որպեսզի ինչ-որ էլիտար ձեռնարկ չլինի, այլ լինի ձեռնարկ, որից կարող են օգտվել թե՛ լրագրողները, թե՛ մտահոգ անհատ քաղաքացիները, ովքեր ուզում են ինքնուրույն ստուգել փաստերը»։

«Նոր և հին սերնդի լրագրողների միջև կա միավորող օղակ, որը կոչվում է  տվյալներ, և հենց այս տվյալներն անընդհատ կարող են խեղվել, և լրագրողները ստիպված են ունենալ մի գործիքակազմ, որն այս ուղեցույցում նկարագրված է»,- հավելում է Washington Post-ի տարածաշրջանային փորձնակ Հարություն Ծատրյանը։

Իսկ «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի ղեկավար Գայանե Միրզոյանը պատմում է իրենց փորձը լրագրողական նյութեր պատրաստելիս և ներկայացնում ծրագրի ձևաչափը. «Աշխատել ենք 8 լրագրողների հետ, որոնք մրցույթով ընտրվել են, ներկայացրել են իրենց թեմաները, որի    հիմքում դրված էր փաստերի ստուգման մեխանիզմը»։

2018 թ. օգոստոսին «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) հ/կ-ն Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ մեկնարկել է «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագիրը։ Որպես ծրագրի բաղադրիչ՝ նաև պատրաստվել են փաստերի ստուգման վրա հիմնված լրագրողական նյութեր։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս