
«Պետք է ձևավորվի էլեկտրոնային հարթակ, որտեղ տեղի կունենա էլեկտրաէներգիայի առքուվաճառք»

ԵԱՏՄ-ին անդամակցելու շրջանակներում 5 երկրների մասնակցությամբ նախաձեռնվել է ընդհանուր էներգետիկական և բնական գազի շուկաների ձևավորման գործընթաց։ Ինչպես այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, առավել առաջանցիկ զարգանում է էներգետիկական շուկայի ձևավորումը, արդեն նախապատրաստական օրենսդրական աշխատանքներ են իրականացվել։
«Պետք է ձևավորվի էլեկտրոնային հարթակ, որտեղ տեղի կունենա էլեկտրաէներգիայի առքուվաճառք»,- ասաց Բաղրամյանը՝ նշելով, որ մինչև 2021 թ. հուլիս շուկայի մոդելը պետք է ընտրվի, և այն սկսի փորձնական կիրառվել։
Ըստ նրա՝ շուկայի ազատականացումը ենթադրելու է սպառողների, մատակարարի և էլեկտրաէներգիա արտադրողների փոխադարձ պատասխանատվության մեխանիզմների սահմանում, այսինքն՝ եթե այսօր էլեկտրաէներգիայի կանխատեսման ամբողջ պատասխանատվությունը կիսում է ՀԷՑ-ը, ապա շուկայի ազատականացումից հետո բոլոր խոշոր սպառողները, որոնք կանխատեսում են անում և որոշակի շեղում են տալիս դրանից, որը բերում է ֆինանսական հետևանքների, պետք է պատասխանատվություն կրեն դրա համար.
«Շուկայի ազատականացումը պետք է զուգորդվի միջսահմանային առևտրի զարգացմամբ, քանի որ հակառակ դեպքում՝ այն չի ունենա ակնկալվող տնտեսական մեծ էֆեկտները։ Դրա համար այսօր ակտիվ սկսվել է ենթակառուցվածքների ստեղծումը, մասնավորապես՝ շուտով կմեկնարկի Հայաստան-Վրաստան ուղղությունը, իսկ Հայաստան-Իրան ուղղությունը 1-2 տարում ավարտին կհասցվի։