«Փաշինյանն իրականությունից կտրվել է». Հայկ Մարտիրոսյան
«Հանրապետականներն ասում էին մի բան, որին իրենք նախապես չէին հավատում, գիտեին, որ ժողովուրդն իրենց ատում է, բայց շեշտում էին, թե մեծամասնություն ունեն: Սերժ Սարգսյանն էլ, միգուցե, իրականությունից կտված էր, որովհետև երկար տարիներ բարձրագույն իշխանության մեջ էր ու շրջապատված քծնողներով: Փաշինյանն էլ է հիմա քծնողներով իրեն շրջապատում: Վարչապետի կողքին դուք տեսնո՞ւմ եք մեկին, ով ասում է՝ ոչ պարոն վարչապետ, այստեղ միգուցե դուք սխալ եք:
Այս իշխանության պարագայում մեծ խնդիր էլ կա. կան պաշտողների և կռապաշտների զանգվածներ, որոնք՝ որտեղ վարչապետը գնում է, դուրս են նետվում նրա վրա, սելֆիներ անում, և իշխանության համար տեսարան է ստեղծվում, որ իրենք պաշտված են:
Civilnet-ում վարչապետի հարցազրույցը նայեք, լրագրողն ասում է՝ բնականորեն Ձեր ռեյտինգն իջնելու է, նա պատասխանում է, որ՝ ոչ, չկա նման բան: Վարչապետը 100 տոկոսով վստահ է, որ ռեյտինգն ընդհանրապես չի իջել: Այսինքն, ունենք հստակ տեսարան, երբ մարդն իրականությունից կտրվել է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո Փաշինյանի կառավարության մեկ տարվա ընթացքում կատարած փոփոխություններին՝ քաղաքագետը նկատեց.
«Դրական փոփոխություններ կատարվել են՝ մի քանի ամիս փողոցային տեսախցիկները չէին աշխատում: Հեգնանքը մի կողմ՝ կարծում եմ, որ առողջապահության ոլորտում լուրջ փոփոխություններ կատարվում են: Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ տարածքներ են ազատագրվելու, դա կես քայլ առաջ էր: Ինչպես վարչապետն է ասում՝ ինստիտուցիոնալ կոռուպցիա չկա, նախարարները, վարչապետն ու նախագահը փող չեն վերցնում, բայց տարբեր հիմնադրամներ նվիրատվություններ ստանում են: Փոփոխությունները կոսմետիկ են. տանիքից բերված, պատին հենած կեղտոտ դրոշ. շոուներ են՝ հաց և տեսարաններ:
Բովանդակությունը՝ Միհրան Պողոսյանը փախչում է երկրից, գումարներ են դուրս բերվում, վարչապետը դժգոհում, ասում է՝ Մանվելի տեսանյութը ցույց տվեցինք, բոլորը սկսեցին թաքցնել, հիմա ում տուն գնում ենք՝ բան չկա: Առաջինը՝ ցույց չտայիք, երկրորդ՝ 12 ամիս չնստեիք սպասեիք, հետո նոր տներով գնայիք, պետք է մյուսների տներն էլ նույն օրը, նույն ժամին գնայիք:
Քոչարյանն էլ հանկարծ դարձավ քաղաքական գործիչ: Նորմալ մեղադրանք առաջադրեիք, ոչ թե մեկը, այն էլ՝ «Մարտի 1»-ի գործով: Սերժ Սարգսյանի դեպքում էլ՝ 12 ամսվա մեջ՝ ոչ մի բան… բա ո՞ւմ էիք մերժում, այդ ի՞նչ ճառեր էին հնչում… հանցագործ, չգիտեմ ինչ… 2016թ. ապրիլյան պատերազմի հետ կապված հետաքննություն արե՞լ եք, թե՞ ոչ: Նորմալ պետություններում 4-5 զինվոր է զոհվում անհասկանալի պայմաններում՝ տարիներով հետաքննություններ են արվում, շատերը պաշտոնանկ են արվում: Հայաստանում որևէ մեկը պարտության համար պատասխանատվություն կրո՞ւմ է:
«Սպայկայի» դեպքում էլ իրավիճակը պարզ է, ցույց տվեց, որ անաչառ է, չի խառնվում քննությանը, կարող է գնալ, բիզնեսին սատարում է, բայց վա՜յ, ապօրինություն կա, պետք է պատժվեն: «Սպայկան», ի դեպ, ինչ է, մենք հայերեն նման բառ ունե՞նք, պետք է սկսեն անունը փոխելուց»:
Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նախընտրում է պահել Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը, որով որևէ լուրջ պաշտոն չեն կարող զբաղեցնել երկքաղաքացիները կամ դրսի քաղաքացիները:
«Այո՛, այս իշխանությունում նույնպես որակյալ կադրեր կան, բայց նրանք առաջին գծում չեն: Կադրեր կան նաև ոչ իշխանության ներսում, բայց նրանք իրենց տեղը պետական ապարատում չեն գտնում: Փոխարենը՝ քծնողները, քայլողները, ապազգային ինչ-որ դեմքեր, գլխի կեսը սափրած ինչ-որ խաղաղասերներ են հայտնվում»,- եզրափակեց Հայկ Մարտիրոսյանը:
Անի Կարապետյան