Ամերիկայի հայկական համագումարը Թրամփի ուղերձը համարում է Ցեղասպանության ժխտողականությանը վերջ տալու բաց թողնված հնարավորություն

Ամերիկայի հայկական համագումարը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը բաց թողնված հնարավորություն է համարում՝ Ցեղասպանության ժխտողականությանը վերջ դնելու տեսանկյունից: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին մեկնաբանել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

«Հայոց ցեղասպանությունն ուղիղ ճանաչումից  խուսափելն արտացոլվում  է ոչ միայն նախագահի այս տարվա հայտարարության մեջ, այլ նախորդ վարչակազմերի ժամանակ, ինչը ժխտողականության մթնոլորտ է ստեղծում և ավտորիտար ռեժիմներին հնարավորություն է տալիս հետապնդել քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին: Ցեղասպանության ժխտումն անարդար վերաբերմունք է բոլոր հետապնդվողների նկատմամբ»,- ասել է Ամերիկայի  Բրայան Արդունին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ՝ օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը:

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բոլոր նրանց համար, ովքեր կորցրեցին իրենց կյանքը:

Այս օրը մենք նաև հիշում ու ճանաչում ենք բոլոր նրանց աշխատանքը, ովքեր փորձեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր ձգտեցին վստահեցնելու, որ նմանօրինակ կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվելու, ինչպես իրավապաշտպան և իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Մենք հիշում ենք նպաստներն այն մեծահոգի ամերիկացիների, ովքեր օգնեցին փրկելու կյանքեր և վերակառուցելու հայկական համայնքները: Հիշելով բոլոր նրանց, ովքեր տառապեցին, մենք նաև ոգեշնչվում ենք այն քաջ և տոկուն հայերից, ովքեր ի հեճուկս հսկայական դժվարությունների, կառուցեցին առույգ համայնքներ ողջ աշխարհում, այդ թվում և Միացյալ Նահանգներում:

Մենք խոստանում ենք սովորել նախկին ողբերգություններից, որպեսզի չկրկնենք դրանք: Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի առնելու իրենց ցավալի պատմությունը: Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»:

Տեսանյութեր

Լրահոս