ՀՀ կառավարությունը չի շտապում ու կմերժի Բաբկեն Թունյանին
ՀՀ կառավարությունը վաղվա՝ ապրիլի 25-ի նիստում նախատեսում է բացասական եզրակացություն տալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ներկայացրած օրինագծին։
Վերջինս առաջարկում է ԱԱՀ-ի շեմը վերականգնել մինչև 2019 թ. հունվարի 1-ը գործող` տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 մլն դրամի մակարդակում, նվազեցնել հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռը` այն ամրագրելով 2018 թ. երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով (իրացման շրջանառության 6 %` հանած ծախսերի 3 %, բայց ոչ պակաս իրացման շրջանառության 4 %-ից, 2019 թ. համար սահմանված համապատասխանաբար` 8 և 5 % փոխարեն):
Կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման և չի հանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման:
Միաժամանակ նշվում է, որ նույն առաջարկությունները ներկայացվել են նաև ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթով, որը մարտի 7-ին արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը: Նշյալ օրենքների նախագծերի փաթեթով, բացի վերոնշյալ առաջարկություններից, ներկայացվել են նաև բազմաթիվ այլ առաջարկություններ, որոնք փոխկապակցված են, կրում են համակարգված (ոչ տեղային) բնույթ և արտացոլում են կառավարության ծրագրով նախանշված՝ ուղղակի հարկերի գծով հարկային բեռի նվազեցման և դրա արդյունքում առաջացող՝ պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը որոշակիորեն փոխհատուցելու քաղաքականությանն ուղղված լուծումները։ Բացի այդ, ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված նախագծով անդրադարձ է կատարվում ոլորտային նշանակության մի շարք խնդիրների, որոնցից մի քանիսը, ի դեպ, նույնպես հրատապ լուծումներ են պահանջում։
«Խնդիրներին ավելի համակարգային լուծում տալու նպատակով՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում»,- ասված է կառավարության որոշման նախագծում:
Մինչդեռ Բ.Թունյանն իր առաջարկը հիմնավորել էր նրանով, որ գործադիրի կողմից շրջանառության մեջ դրված փաթեթի ընդունումը ժամանակատար է, իսկ ՓՄՁ ոլորտի հարկային միջավայրի բարելավումը՝ հրատապ, հարկ է այդ փոփոխությունն իրականացնել ավելի շուտ՝ առանձին օրենսդրական նախաձեռնության տեսքով:
Հիշեցնենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից ԱԱՀ-ի շեմը տարեկան կտրվածքով 115 միլիոն դրամից նվազել է և դարձել 58.35 միլիոն դրամ, ինչը հանդիսանում է փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային միջավայրի վատթարացում:
Խնդիր կա նաև հանրային սննդի ոլորտի հարկման համակարգի հետ: Հանրային սննդի ոլորտի գործունեությունը 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային հարկի համակարգից տեղափոխվել է շրջանառության հարկի համակարգ և նախատեսվել է, որ հետագա տարիներին գործունեության այս տեսակի մասով սահմանված հարկային բեռն աստիճանաբար կբարձրանա: Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է նվազեցնել հանրային սննդի ոլորտում գործունեությամբ զբաղվողների հարկային բեռը, սակայն ընկերությունները 2019 թ. առաջին եռամսյակի հարկային հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 20-ը, իսկ Հարկային օրենսգրքի փաթեթը մինչ այդ հնարավոր չէ ընդունել, և տնտեսվարողների համար լրացուցիչ բարդություններ են առաջանալու, այսինքն՝ նրանք ստիպված են լինելու հաշվետվությունները ներկայացնել՝ ըստ նախկին կարգավորման (8%-5%), որից հետո ճշգրտել այդ հաշվետվությունները՝ ըստ բարելավված դրույթների։