Ինչո՞ւ է Փաշինյանը հիշում անմեղության կանխավարկածը
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելը հանրության շրջանում հակասական տրամադրություններ է առաջացրել:
Իշխանական պատգամավորները, որոնք նախկինում «մարտական ուղի» են անցել Սանասարյանի հետ, մշտապես շեշտում են՝ «Դավիթն իմ ընկերն է, բայց…»: «Բայցը» վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության աշխատանքին, որի արդարությունը նույնպես կասկածի տակ չի դրվում:
Օրերս, Դ.Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը ստորագրելուց հետո, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում անդրադարձել էր այս դեպքին՝ նշելով, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, և օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից։
«Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն Քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։ Սա ասում եմ՝ առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։ Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում»,- գրել էր վարչապետը։
Ինչո՞ւ է երկրի ղեկավարը հիշեցնում անմեղության կանխավարկածի մասին Սանասարյանի դեպքում, երբ մինչ այս այլ հնչեղ գործերով, օրինակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի, կամ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի, այդ կանխավարկածը չէր շեշտվում:
«168 Ժամի» հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախկին ու ներկա դիրքորոշումների որևէ տարբերություն չի տեսնում:
«Որևէ մեկը խախտե՞լ է Մանվել Գրիգորյանի անմեղության կանխավարկածը: Ինչո՞ւմ է տարբերությունը: Ակնհայտ էր, տեսանյութը կար, որ նման բան եղել է, մարդիկ վրդովվել են: Դա վրդովմունք է, անմեղության կանխավարկած չի: Հիմա Ռոբերտ Քոչարյանի պարագայում ևս մարդկանց մոտ մեծ վրդովմունք կա, և, կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ տարածքում գրեթե ամենաբացասական վերաբերմունք ունեցող մարդն է, բայց տեսանք, որ դատարանը որոշում կայացրեց և բաց թողեց: Այսինքն՝ դա չի կարող ազդել դատավորի վրա: Հակառակ դեպքում, եթե ազդեր, կնշանակեր, որ դատավորն իր տեղում չէ»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ նրա՝ անմեղության կանխավարկածը մեծամասամբ վերաբերում է քրեական գործի վրա ազդեցություն ունենալու կամ չունենալու հարցին.
«Չի կարող որևէ ազդեցություն ունենալ այն, եթե ես ասեմ, որ շատ բացասական եմ վերաբերվում Մանվել Գրիգորյանին և այն քրեական գործին, որն այսօր կա: Ես նաև բացասական եմ վերաբերվում Դավիթ Սանասարյանի գործի հետ կապված, դա ինձ նաև լարում է, որ մարդ կարող է չհասկանալ, և իրականության մեջ միգուցե նման բան կարող է լինել: Բայց որոշողը դատավորն է: Մենք Մանվել Գրիգորյանի կամ Դավիթ Սանասարյանի դեպքերում չենք ասում՝ ինքը մեղավոր է կամ անմեղ է: Դա այնքան բարակ եզրույթ է, որ նույնիսկ իրավաբանները չեն կարող հստակ տարանջատել»:
ՊՎԾ-ի ու ԱԱԾ-ի միջև ներքին հակամարտության որևէ խնդիր Ա.Սիմոնյանը նույնպես չի տեսնում: Ըստ նրա՝ դրանց գործառույթները չեն համընկնում, և տրամաբանություն չկա այդտեղ, Արթուր Վանեցյանն էլ քաղաքական ֆիգուր չէ, վարչապետին ենթակա հիմնարկի ղեկավար է. «Չկա այդտեղ շահերի բախում: Իմ համար այդ ՊՎԾ կառույցն անհասկանալի է, ինչի՞ համար է այն ի սկզբանե ստեղծված եղել, և ընդհանրապես իր գործառույթն իմ համար անհասկանալի է: Ի՞նչ շահերի բախում կարող է լինել, դա բացառված է»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անի Սամսոնյանն այդ երկու կառույցների միջև ներքին հակամարտություն չի նկատում:
Մեզ հետ զրույցում նա կարևորեց անմեղության կանխավարկածի պահպանումը բոլոր դեպքերում: Նրա կարծիքով՝ միտում չկա, որ նախորդ դեպքում այդ կանխավարկածն իշխանությունը չի պահպանել. «Ամեն դեպքում հիմա շատ կարևոր է, որ իշխանությունն օգտագործի իր հեղինակությունը և նման կոչեր հնչեցնի, որպեսզի որևէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտվի այսուհետ նմանատիպ դեպքերի առումով»:
Ա.Սամսոնյանի դիտարկմամբ՝ անմեղության կանխավարկածի խախտման միտում հիմնականում լինում է հանրային քննարկումներում. «Մարդիկ, չիմանալով, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, որ մարդու այդ իրավունքն ամրագրված է սահմանադրորեն, խախտում են դա: Նույնը Դավիթ Սանասարյանի դեպքում է: Սա ես բնութագրում եմ առավելապես էմոցիոնալ դաշտի առկայությամբ, որ, չսպասելով նախաքննությանն ու մարդու մեղավորությունն ապացուցվի դատարանում՝ մարդիկ փորձում են մեղավոր կամ անմեղ հանել, այսինքն՝ ընդունել հանրային դատավճիռ, ինքն այս առումով սխալ ու վտանգավոր է»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի կարծիքով՝ մինչև չլինի դատարանի վճիռ, ոչ ոք չպետք է դատապարտի որևէ մեկին: Նրա բնորոշմամբ՝ հասարակությունն այսօր ենթարկվում է տոտալ տեղեկատվական պրեսինգի, երբ քաղաքական ասպարեզում երևացող մարդկանց հետ կապված դեպքերը երկակի են ընկալվում ու քննարկվում.
«Այո, ես մասնակի կհամաձայնեմ Ձեզ հետ, որ մենք ունենք խնդիր, բայց ես այդ խնդիրը չէի վերագրի հստակ անձերի: Կարծում եմ՝ շատ ողջունելի կլիներ, եթե անմեղության կանխավարկածն անպայման կիրառվեր ամենուրեք, և հանրային ազդեցություն ունեցող մարդիկ ուշադիր լինեին իրենց գնահատականներում»:
Հարցին՝ իշխանության կողմից տարբերակված մոտեցումն ազդեցություն չի՞ ունենում իրավապահների վրա, Ա.Աբովյանը պատասխանեց. «Ուզում եմ հավատալ, որ ոչ»:
ԱԱԾ-ի ու ՊՎԾ-ի միջև հակամարտության առկայությունն Ա.Աբովյանը ևս հերքեց: Նրա կարծիքով՝ ուժային կառույցների, առավել ևս՝ ԱԱԾ-ի վրա տեղեկատվական ճնշումը վտանգավոր է, որովհետև այդ կառույցն է ապահովում մեր անվտանգությունը. «Չկա նույնիսկ մի փոքրիկ օրինակ, որ ԱԱԾ-ն կողմնակալ է: Սա այն դեպքն է, որ պետք է ասել՝ թողեք աշխատեն»: