
Շրի Լանկայի ոստիկանությունը տասնյակ պայթուցիչներ է հայտնաբերել ավտոբուսի կայանատեղիում. Adaderana

Շրի Լանկայի ոստիկանությունը պայթուցիկ սարքերի գրեթե 90 պայթուցիչ է հայտնաբերել Կոլոմբոյի՝ կղզու խոշորագույն քաղաքի շրջաններից մեկում: Այդ մասին, վկայակոչելով ոստիկանությանը, ապրիլի 22-ին հայտնել է Adaderana նորությունների պորտալը։
Նրա տվյալներով՝ 87 պայթուցիչ է հայտնաբերվել Պետայի շրջանում ավտոբուսի մասնավոր կայանատեղիում: Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել, որ Շրի Լանկայի ռազմաօդային ուժերի զինծառայողներն ինքնաշեն պայթուցիկ սարք են հայտնաբերել եւ վնասազերծել կղզու խոշորագույն Բանդարանայիկե միջազգային օդանավակայանի անմիջական մերձակայքում:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 290 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի:
Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ եւ հյուրանոցներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: