«Արսենալ»-«Քրիսթալ Փելես». լոնդոնյան դերբիին ընդառաջ
Անգլիայի առաջնության 35-րդ տուրի հանդիպումներից մեկը կլինի լոնդոնյան դերբին, որտեղ այս անգամ կհանդիպի «Արսենալ»-«Քրիսթալ Փելես» զույգը:
«Արսենալ»
Լոնդոնյան այս ակումբը խաղին մոտենում է Եվրոպայի լիգայի ծանր հանդիպումից հետո, որտեղ Ունայի Էմերիի թիմը հանդիպեց «Նապոլիին» (1:0): Լոնդոնցիները կարողացան անցնել հաջորդ փուլ և կիսաեզրափակչում կհանդիպեն «Վալենսիայի» հետ:
Մինչդեռ, առաջնությունում «Արսենալը» շարունակում է պայքարել մեդալների և առաջատար քառյակում հայտնվելու համար: Առաջիկա հանդիպումից առաջ թիմը չորրորդ տեղում է:
Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում «Արսենալը» իր տնային դաշտում պարտվել է միայն մեկ հանդիպում: Առաջին փուլում «Արսենալը» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին», որից հետո գրանցեց 16 հանդիպումից կազմված անպարտելիության շարք:
Նախորդ մրցաշարջանի հետ համեմատած՝ «Արսենալը» այս տարի բարելավել է թոփ-ակումբների հետ արդյունքները: «Տոտենհեմի» (4:2) և «Չելսիի» (2:0) նկատմամբ տնային հանդիպումները, «Լիվերպուլի» (1:1) և «Մանչեսթեր Յունայթեդի» (2:2) հետ ոչ-ոքիները ավելացրին թիմի ակտիվում 8 միավոր: 25-րդ տուրում լոնդոնցիները 3:1 հաշվով պարտվեցին «Մանչեսթեր Սիթիին»:
Լոնդոնյան ակումբում շատ են կադրային խնդիրները: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Երկար ժամանակ է վնասվածքներ ունեն Դենի Ուելբեքը և Ռոբ Հոլդինգը: Նրանց հետ է նաև Հեկտոր Բելերինը, և օրերս վնասվածք ստացավ Աարոն Ռեմսին: Հարցականի տակ է Դենիս Սուարեսի և Գրանիտ Ջակայի մասնակությունը:
«Քրիսթալ Փելես»
«Քրիսթալ Փելեսը» առաջնության նախորդ փուլում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» 1:3 հաշվով: Սա կանխատեսելի պարտություն էր: Սա վերջին 5 տուրերում լոնդոնյան թիմի երրորդ պարտությունն էր: Նույն ժամանակահատվածում նրանք պարտվել են «Բրայթոնին» (1:2) և «Տոտենհեմին» (0:2):
Չնայած, ընդհանուր առմամբ, արտագնա հանդիպումներում վերջին երեք ամիսներին, լոնդոնցիները շատ լավ խաղ են ցուցադրել: «Սիթիին» պարտվելուց բացի, նրանք պարտվեցին նաև «Լեսթերին» (4:1), «Բերնլիին» (3:1) և «Նյուքասլին» (1:0), ինչպես նաև ոչ-ոքի խաղաց «Սաութհեմթոնի» հետ (1:1):
«Քրիսթալ Փելեսը» շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում: Թիմը 8 միավորով հեռու է մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտուց:
Թիմի լազարեթում առանցքային պաշտպաններ Ջեյմս Թոմկինսն ու Մամադու Սակոն են: Հարցականի տակ է Ջեֆրի Շլուպայի մասնակցությունը:
Վիճակագրություն
- «Արսենալը» հաղթել է Պրեմիեր լիգայի 10 տնային խաղերում անընդմեջ
- «Քրիսթալ Փելեսը» Պրեմիեր լիգայի վերջին 8 արտագնա խաղերից հաղթել է 5 հանդիպումներում
- Առաջին փուլում մրցակիցները ոչ-ոքի խաղացին՝ 2:2
Մասնագետները կարծում են, որ այս խաղում շատ ակտիվ կլինեն երկու կողմերն էլ և կլինի գոլառատ հանդիպում: Երկու թիմերն այժմ պաշտպանական խնդիրներ ունեն, քանի որ մի շարք պաշտպաններ վնասվածքներ են ստացել, կամ՝ որակազրկված են: Այնուամենայնիվ, «Արսենալը» շարունակում է մնալ հաղթողի հիմնական հավակնորդը, քանի որ թիմը լավ է խաղում տանը:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Քրիսթալ Փելես» խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան