«Ո՞նց կարող էին հանձնել Մեղրին, ո՞նց եք պատկերացնում դա… Չէր կարող Վազգեն Սարգսյանը Մեղրիի հարց քննարկել՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու». Սամվել Բաբայանը

«Մեղրու հարցի վերաբերյալ ինձ հետ որևէ բանակցություն չի եղել, նման բան երբեք չեմ լսել: Ես այդ ժամանակ եղել եմ բանակի հրամանատար, առանց ինձ այս 110 կիլոմետրը կարողանալո՞ւ էին հանձնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով որոշ քաղաքական գործիչների՝ Վահան Շիրխանյանի, ևն, այն հայտարարություններին, թե 1999 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ադրբեջանի հետ բանակցել է Մեղրին փոխանակելու հարցի շուրջ։

«Չէր կարող Վազգեն Սարգսյանը Մեղրիի հարց քննարկել՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու: Ռոբերտ Քոչարյանը, իրենց ասելով, բանակցել է արտաքին ճակատում, հետո եկել Վազգեն Սարգսյանին տեղյակ է պահել, Վազգեն Սարգսյանից էլ իմացել է ձեր ասած անձնավորությունը: Շիրխանյան Վահանի տակ զորք կա՞ր, որ առանց իր համաձայնության չէր լինելու այդ փոխզիջումը: Եթե պետք էր համաձայնեցնել, պետք է ինձ հետ համաձայնեցներ Վազգենը: Եթե ինձ հետ չի համաձայնեցրել, ապա ո՞նց են հանձնում: Ո՞նց կարող էին հանձնել: Ո՞նց եք պատկերացնում դա անել՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու»,- նշեց Սամվել Բաբայանը:

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը շեշտեց՝ Մեղրին 49 կմ հատված ունի, իսկ Ղարաբաղի վերահսկողության ներքո 110 կմ է:

«Եթե այս հատվածում դու ես, այն հատվածում՝ մյուսը, ո՞նց են առանց քեզ հետ համաձայնեցնելու՝ հանձնել, դա հնարավո՞ր է, իհարկե՝ ոչ: Ռոբերտ Քոչարյանը չէր կարող առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու՝ անգամ բանակցությունների նստել այդ հարցով»,- մանրամասնեց Սամվել Բաբայանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս