
Լիլիթ Մակունցը՝ «Քաղաքացու օրը» նշելու համար 124 մլն դրամ հատկացնելու մասին

«Տոնակատարությունների համար պարբերաբար հատկացվում են գումարներ և, այո՛, ես կարծում եմ, որ «Քաղաքացու օրը» նշելու համար պետք է հատկացնել գումար: Բայց այստեղ մի կարևոր շեշտադրում կա՝ «Քաղաքացու օրը» նշվելու է և այդ գումարը ծախսվելու է ոչ միայն ՀՀ մայրաքաղաքում, այլ բոլոր 10 մարզերում: Պետք է փորձենք հնարավորինս ապակենտրոնացնել տոնակատարությունների անցկացումը, և միևնույն ժամանակ ավելի սեղմ գումար հատկացնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով «Քաղաքացու օրը» նշելու համար 124 մլն դրամ հատկացնելու փաստը:
Հարցին, թե ավելի ճիշտ չէր լինի՞ այդ գումարն առավել նպատակային, քաղաքացու կարիքների համար օգտագործել, օրինակ՝ աղբահանության հարցը, Լ.Մակունցը պատասխանեց, որ նշված խնդրով քաղաքապետարանը զբաղվում է և այդ հարցերը միմյանց տիրույթում չեն: