««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշակել է որոշակի առաջարկություններ՝ սահմանին գազի թանկացումը փոխհատուցելու համար». Գարեգին Բաղրամյան
«Ես ասել էի, որ գազի ներկրման գինը բարձրացել է հունվարի 1-ից և, բնականաբար, քանի դեռ վերջնական սպառողների սակագները չեն բարձրանում, ապա այդ տարբերությունն էլ փոխհատուցվում է ընկերության կողմից: Պետք է վերանան այն կասկածները` ինչ որ միշտ գրվում է, թե պարտքեր ենք կուտակում, և այլն: Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծված նշել, որ պետության կողմից չի կարող կուտակվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը՝ հերքելով շրջանառվող լուրերը, թե պետությունը պարտքեր է կուտակում սահմանին գազի գնի թանկացման հետևանքով։
Ըստ նրա՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշակել է որոշակի առաջարկություններ՝ սահմանին գազի թանկացումը փոխհատուցելու համար, այդ առաջարկությունները պետք է քննարկվեն ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ։
168.am-ի հարցին, թե ընկերությունում նախատեսվող օպտիմալացումը միայն ստորին օղակների՞ն է վերաբերելու, թե՞ նաև վերնախավին, Գ.Բաղրամյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ միայն ստորին օղակներին է վերաբերում, որովհետև ընդհանուր օպտիմալացումն ընկերությունն ինքն է որոշում՝ ինչ ուղղությամբ է տանելու։ Իսկ ինչ վերաբերում է հարցերին, թե՝ եթե կարելի էր կրճատել մինչև էդ, ինչո՞ւ չէին անում, ապա պետք է որոշակի օրենսդրական խնդիրներ նայել՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված գործում էին միջպետական համաձայնագրեր, որոնք ունեին որոշակի սահմանափակումներ, և դրանից ելնելով էլ՝ հայկական կողմը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եթե ունենար մեծ ցանկություն, չէր կարող որևիցե փոփոխություն իրականացնել, որովհետև էդ համաձայնագրերով կային սահմանափակումներ։ Էդ համաձայնագրերը սահմանափակումներ ունեին, վավերացվել էին Ազգային ժողովի կողմից և ունեին օրենքի ուժ»։
Նա հաստատեց, որ հայ-ռուսական միջկառավարական նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև հուլիսի 1-ը ներկայացվի հնգամյա համաձայնագրի նախագիծ, որով կսահմանվեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմները. «Դա կենթադրի կանխատեսելիություն. մենք կիմանանք՝ ինչքան է լինելու գազի առավելագույն գինը սահմանին»։
168.am-ի հարցին, որ ռուսական շրջանակներն ասում են, որ գազի էժան ժամանակաշրջանն ավարտվում է և գազը հետզհետե կթանկանա, Բաղրամյանը պատասխանեց. «Ես չունեմ տեղեկատվություն այդ մասին»: