Պոպուլիզմը, օպերայի սրճարաններն ու Նոտր Դամի հրդեհը

Երեկ հրդեհից փլուզվեց Փարիզի Աստվածամոր Տաճարի զգալի մասը: Աշխարհի լրատվամիջոցների աչքի առաջ ավելի քան 9 ժամ կրակի ու ծխի մեջ քանդվում էր 13-րդ դարից ի վեր Ֆրանսիայի ամենահայտնի խորհրդանիշը: Ֆրանսիան ամբողջ գիշեր չկարողացավ պայքարել մեկ առանձին շենքում, և ոչ թե՝ անտառում բռնկված հրդեհի դեմ: Համաձայնեք, առնվազն տարօրինակ էր դրան հետևելը:

Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի նախագահ Էմմանուիլ Մակրոնին մեղադրում են պոպուլիստ (ամբոխահաճո) և որոշումներ կայացնելու անկարող ղեկավար լինելու մեջ: Այսօր արդեն նրան մեղադրում են նույնիսկ նրանք, ովքեր սոցիալիստ Մակրոնին ընտրել էին՝ ընդդեմ ծայրահեղ աջ Մարին Լե Պենի: Այսօր արդեն վերլուծություններ կան այն մասին, որ հրդեհի մեղավորը Մակրոնի կառավարությունն է՝ ժամանակին Տաճարում վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ գումար չհատկացնելու պատճառով:

Նախորդ երեք ամիսներին աշխարհը հետևում էր, թե ինչպես է ամիսներ շարունակ Փարիզի կենտրոնական Շանզ Էլիզե փողոցը վերածվել մարտի դաշտի: Բողոքի ալիքը պոպուլիզմի ուղղակի հետևանք էր: Կենտրոնական փողոցներում ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ անող «դեղին բաճկոնները» պայքարում էին բենզինի գների աճի դեմ: Երկու ամսից ավելի քաղաքի կենտրոնում կարգ ու կանոն հաստատելու անկարողությունը նույնպես պոպուլիզմի հետևանք էր: Մակրոնը վախենում էր կորցնել ձախ ակտիվիստների ձայները: Արդյունքում՝ զոհվեցին մարդիկ, քաղաքին հասցվեց միլիոնավոր դոլարների վնաս:

Արդյո՞ք Փարիզի Աստվածամոր Տաճարի հրդեհը հնարավոր էր ավելի շուտ հանգցնել, այս մասին հավանաբար դեռևս վերլուծություններ կլինեն: Բայց մի բան ակնհայտ է, որ այս կամ այն խմբին հաճոյանալու ու այդ պատճառով որոշում կայացնելու անկարողության հակված են բոլոր պոպուլիստ ղեկավարները: Իսկ նման ղեկավարների օրոք անխուսափելիորեն կազմաքանդվում են կարգ ու կանոնի համար պատասխանատու ինստիտուտները՝ ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը:

Իսկապես, եթե Փարիզի կենտրոնական փողոցը հրկիզվում ու ավերվում է երկու ամիս շարունակ, ու կառավարությունը չի համարձակվում համապատասխան կոշտ քայլերի դիմել, զարմանալի չէ, որ Նոտր Դամում բռնկված հրդեհին արձագանքը նույնպես ուշանում է, երբ կարգ ու կանոնի բացակայությունը դառնում է նորմ:

Եթե, օրինակ, մենք զարմանում ենք, թե ինչո՞ւ է Հայաստանում օր օրի աճում հանցագործությունների թիվը, ապա դրա պատասխանը շատ պարզ է: «Թավշյա» հեղափոխական իշխանությունների համընդհանուր պոպուլիզմի՝ «ժողովուրդը պետք է որոշի»-ի պայմաններում՝ կազմաքանդվում են ինստիտուտները: Իրավապահ մարմիններն աշխատելու մոտիվացիա չունեն, քանի որ կառավարության որոշումները չունեն ոչ մի ինստիտուցիոնալ, մտածված ռազմավարություն, ու իրավապահ մարմինների ղեկավարներն իրականում չգիտեն՝ ինչպես իրենց պահել: Ամեն ինչ որոշվում է ոչ թե՝ օրենքի պահանջով, այլ պահի տակ՝ այդ պահին առավել կարևոր թվացող մարդկանց խմբին հաճոյանալու համար:

Այսպես, երևանյան շրջանակների, թերևս, արդարացի պատկերացմամբ՝ Օպերային թատրոնի հարակից սրճարանները պետք է քանդվեին: Որոշումը կայացվեց՝ առանց խորքային վերլուծության, ու արդյունքում պարզվեց, որ սրճարանների մի մասի փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանին հնարավորություն չէին տալիս քանդել դրանք: Արդյունքում՝ քանդվեցին մի քանի սրճարան՝ մասնակի, մյուսները պետք է սպասեն դատարանի որոշմանը: Արդյո՞ք Օպերայի շրջակայքը սրա արդյունքում ավելի գեղեցկացավ: Հազիվ թե:

Մինչդեռ մտածված ռազմավարության դեպքում միգուցե հնարավոր էր համակարգային լուծում գտնել և, օրինակ, ժամանակ տալ բոլոր սրճարաններին՝ փուլային փակելու բիզնեսը: Այդ օրերին ոստիկանների բախումն էլ սրճարանների աշխատակիցների հետ մատնում էր ոստիկանության շփոթվածությունը: Որովհետև պոպուլիզմի պայմաններում աշխատող ոստիկանը երբեք չգիտի՝ ո՞րն է ճիշտը՝ քանդե՞լը, թե՞ «ժողովրդի» ճնշմանը տուրք տալը: Ամեն ինչ կախված է ոչ թե օրենքից, այլ նրանից, թե տվյալ պահին ում կորոշի հաճոյանալ իշխանությունը՝ սրճարանի աշխատակիցների՞ն, թե՞ երևանյան էլիտային:

Նույն իրավիճակն է տարբեր ճանապարհ փակող խմբերի և բողոքի ակցիաների դեպքում:

Մի դեպքում՝ իշխանությունը ոստիկանության միջոցով ստիպում է սրճարանների աշխատակիցներին ազատել ճանապարհը, մյուս դեպքում, օրինակ՝ ուզում է հաճոյանալ «կանաչ ակտիվիստներին», ու 10 ամիս չի բացում Ամուլսարի ճանապարհը:

Եվ պետության շահը, այս դեպքում, մնում է ստվերում: Կարևորն այդ պահին հաճոյանալու ենթակա խմբի կարևորությունն է՝ իշխանության համար: Հատկանշական է, որ հիմա, երբ Հայաստանը կանգնած է բազմամիլիարդանոց միջազգային դատական վեճի վտանգի առաջ, Հայաստանի վարչական դատարանն Ամուլսարի ճանապարհների փակումից 10 ամիս անց որոշում է, որ ոստիկանությունը պարտավոր էր հեռացնել ցուցարարներին Ամուլսարի ճանապարհներից:

Հարց է առաջանում՝ ոստիկանությունը չգիտե՞ր, որ պարտավոր էր ապահովել օրինական սեփականության իրավունք ունեցող ընկերության մուտքն Ամուլսարի տարածք: Իհա՛րկե գիտեր: Բայց ներկայիս պոպուլիստական կառավարության պայմաններում օրենքը դառնում է երկրորդական: Կարևորը՝ թե ում է այդ պահին ուզում հաճոյանալ իշխանությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը։

Մի՞թե Փարիզի ոստիկանությունը չգիտեր, որ ամիսներ շարունակ Փարիզի կենտրոնում տիրող անկարգությունները պետք է ինչ-որ կերպ կանգնեցնել: Բայց քանի որ իրավապահ մարմինները, արտակարգ իրավիճակների համար պատասխանատու մարմինները միշտ չէ, որ գիտեն, թե ինչպես կվարվի այս կամ այն պարագայում պոպուլիստական կառավարությունը, կրիտիկական իրավիճակներում որոշումներ կայացնելն ավելի ու ավելի դժվար է դառնում, ոչ ոք չի ուզում որոշումների կայացման պատասխանատվություն ստանձնել:

Կազմաքանդվում են ինստիտուտները, ու հայտնի չէ՝ արդյո՞ք ժամանակին ու ճիշտ կկարողանան արձագանքել այս կամ այն իրավիճակին, նույնիսկ, եթե իշխանությունը հրահանգի:

Տեսանյութեր

Լրահոս