Մանկահասակ երեխայի պատանդառության գործով մեղադրյալը դատապարտվեց երկարատեւ ազատազրկման. «Փաստինֆո»
«Մանուշակ» մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցնելու, նախկին կնոջ տատու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով ամբաստանյալ Արգամ Հովիկյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից: Վերջինիս խոսքով` Հովիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները կատարելու մեջ: Այն է՝ 0ն սպանության փորձը, դիտավորությամբ ուրիշին առողջական միջին ծանրության վնաս հասցնելը, զենքի օգտագործմամբ անչափահասին պատանդ վերցնելը, ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը:
Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 16-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը մտել էր Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա տեղակայված «Մանուշակ» մանկապարտեզի վարչական շենք` կրտսեր 1-ին խմբի երեխաների համար նախատեսված ննջասենյակ և կնոջը՝ մանկապարտեզի աշխատակից Լիլիթ Հովհաննիսյանին, որի հետ բաժանվելուց հետո գտնվում էր լարված հարաբերությունների մեջ, հայտնել, որ ցանկանում է առանձնազրույց ունենալ` պահանջելով դուրս գալ մանկապարտեզից:
Լիլիթ Հովհաննիսյանը հրաժարվել էր առանձնազրույց ունենալ ամուսնու հետ, ինչից հետո վերջինս, ըստ քրեական գործի տվյալների, բաճկոնի տակից հանել էր իր մոտ ապօրինի կերպով պահվող և սառը զենք հանդիսացող գործարանային եղանակով պատրաստված որսորդական դանակը և բռնելով Լիլիթ Հովհաննիսյանի մազերից` քարշ էր տվել մանկապարտեզի շինության մուտքի դռան մոտ` ցանկանալով նրան դուրս բերել շենքից: Լիլիթ Հովհաննիսյանը կառչել էր մուտքի դռնից ներս տեղակայված աստիճանների ճաղավանդակներին և դիմադրել, որի ընթացքում Արգամ Հովիկյանը ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածներ էր հասցրել կնոջ դեմքին և կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Այդ պահին նրանց էր մոտեցել Լիլիթ Հովհաննիսյանի տատը՝ նույն մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանը՝ փորձելով օգնություն ցույց տալ թոռանը: Հովիկյանը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ փորձել էր սպանել վերջինիս` իր մոտ գտնվող դանակով դանակով հարվածելով նրա պարանոցի հատվածին: Սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չէր հասցրել, քանի որ հարվածելու պահին Ռոզա Վարդանյանը հետ էր քաշվել, որի արդյունքում հարվածն ամբողջ ուժգնությամբ տեղի չէր ունեցել: Մակերեսորեն վնասվել էր Ռոզա Վարդանյանի պարանոցն ու ձախ ականջը:
Երբ Լիլիթ Հովհաննիսյանն ազատվել էր Հովիկյանից ու դիմել էր փախուստի, վերջինս մանկապարտեզի ննջասենյակում պատանդ էր վերցրել նույն մանկապարտեզի ակնհայտ անչափահաս սաներից մեկին և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ պահել նրան՝ վերջինիս ազատելու համար իրավապահ մարմինների աշխատակիցներից պահանջելով հանդիպում կազմակերպել կնոջ հետ: Սակայն իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, Հովիկյանը վնասազերծվել էր և ձերբակալվել: