Ինչպե՞ս ճիշտ զուգընկեր գտնել. Զուգընկեր ընտրելու արվեստը. հոգեբան Միխայիլ Լիտվակ

Ինչպե՞ս ճիշտ զուգընկեր գտնել։

Ես հատուկ կանանց համար աֆորիզմ ունեմ. «Սովորիր լավ վաստակել ու կքնես՝ ում հետ ուզում ես։ Իսկ եթե չսովորես դա անել, կքնես՝ ում հետ պատահի»։

Կրկնվեմ. մենք բոլորս պետք է աճենք մինչև մեր վերին սահմանագիծը։ Եթե քաղաքականության մեջ սահմանը նախագահի կամ վարչապետի պաշտոնն է, գիտության մեջ՝ակադեմիկոսը, ապա դուք ինքներդ էլ պետք է տեսնեք ձեր բարձունքները։

Օրինակ, եթե դուք բիզնես-լեդի եք, ապա սկզբունքորեն կարող եք դառնալ տնտեսական զարգացման նախարար։ Իսկ հիմա պատկերացրեք, որ ձեզ՝ նախարարիդ, ձեր ամուսնու հետ հրավիրում են նախագահի մոտ ընդունելության։ Եթե պատկերացրիք, ձեզ հարց տվեք՝ կամաչե՞ք արդյոք ձեր ամուսնու հետ նախագահին ներկայանալ, թե՞ ոչ։

Երբ ես այդ հարցը տալիս էի իմ կին այցելուներին, շատերն անկեղծորեն խոստովանում էին, որ չէին գնա։ Բայց ամուսնացել են, չէ՞, իրենց կյանքը կապել են նրանց հետ։ Նշանակում է՝ զուգընկեր ընտրելիս միշտ մտովի պատկերացրեք հետևյալ իրավիճակը. երբ դուք հասնեք ձեր մասնագիտական ու պաշտոնական աճի գագաթնակետին, արդյո՞ք չեք ամաչի ձեր ընտրյալից։ Եթե այո, ապա պետք չէ ամուսնանալ նրա հետ։

Ինձ կանայք հաճախ են հարցնում, թե ինչու իրենց նորմալ տղամարդիկ չեն հանդիպում։ Ես էլ պատասխանում եմ՝ որովհետև պետք է դեռ այդքան աճել, որ մտածես նորմալ տղամարդու մասին։ Եվ ընդհանրապես, առանձնապես պետք չէ տղամարդ փնտրել, նրանք ձեր կողքին են, պարզապես դու նրանց չես տեսնում։ Շատերը սրան առարկում են՝ ասելով, թե իրենք տեսնում են, այդ նրանք իրենց չեն տեսնում։

Այդ ժամանակ ես առաջարկում եմ դառնալ տղամարդու մոդել։ Կնոջը խնդրում եմ կքանստել, իսկ ես կանգնում եմ ու ասում՝ դե, ի՜նչ, դու ինձ տեսնո՞ւմ ես։ Ոչ։ Չէ՞ որ դու քո զարգացմամբ ցածր ես ինձնից։ Իմ դեմքը տեսնելու համար պետք է կանգնել, այսինքն՝ աճել որպես անհատականություն։ Հիմա դու տեսնո՞ւմ ես իրերի իսկական դրությունը։ Քեզ միայն թվում է, թե քո շուրջը տղամարդիկ չկան, նրանք կան, պարզապես քեզնից բարձր են, ու դու պիտի աճես նրանց հասնելու համար։ Երբ այդքան աճես, շուրջդ բոլորովին այլ պատկեր կտեսնես։ Չկասկածես, քո սիրելին ինչ-որ տեղ կողքիդ է։ Եվ վերջապես, երբ դու աճում ես, միանգամից անհետանում են քո սահմանները, քեզ ողջ աշխարհն է պատկանում։

Եթե, օրինակ, դու բիզնես-լեդի դառնաս ու հաջողակ բիզնես ունենաս, ապա կհայտնվեն արտասահմանյան գործարքներ, և, ով գիտի, հնարավոր է, դու գտնես արտասահմանցի փեսացուի։

Մեզ մոտ դեռ հայրիշխանություն է, և բավականին հաճախ ավելի ցածր զարգացման մակարդակ ունեցող կանայք ամուսնանում են հարուստ հայրիշխանական հայացքների դավանող տղամարդկանց հետ։ Եվ, որպես կանոն, նրանք պայման են դնում. «Իսկ քո ինչի՞ն է պետք աշխատելը։ Ես վաստակում եմ, իսկ դու զբաղվիր տնտեսությամբ, ճաշ պատրաստիր, քանի որ ես դրսում չեմ սիրում սնվել»։ Եվ ձեզ ի՞նչ է թվում։ Այդ տղամարդը սիրո՞ւմ է կնոջը։ Կարծում եմ՝ ոչ։ Նա ինքն իրեն ոչնչացնում է ու կնոջն էլ թույլ չի տալիս զարգանալ։

Մեզ մոտ մի դեպք կար։ Շատ հարուստ մի մարդ ամուսնացավ մի 17 տարեկան վարսավիր աղջկա հետ։ Երջանիկ ապրեցին 7 տարի. Երեխան 7 տարեկան է։ Ցավոք, նրան մրցակիցները սպանեցին, իսկ կինը, որ ամուսնու գործերից ոչինչ չէր հասկանում, մեկ տարի հետո աղքատացավ։ Պետք է կարողանալ պահել փողը, դրանք գործի մեջ դնել, որ աշխատեն։ Իսկ այդ կինը գործարարի հետ 7 տարի ապրելուց հետո անգամ նրանից ոչինչ չէր սովորել ու մնաց ձեռնունայն։

Եթե ստացվել է այնպես, որ ինձ կինը դուր է եկել, ես սիրել եմ նրան ու ամուսնացել, ապա ես պետք է նպաստեմ նրան, որ նա աճի ու համապատասխանի իմ դիրքին։ Չէ՞  որ, երբ նա նյութապես կախված է ինձնից, ես ինչպե՞ս կարող եմ հասկանալ՝ նա ի՞նձ է սիրում, թե՞ իմ փողերը։ Իսկ երբ նա աճի ու հասնի իմ մակարդակին, նյութապես անկախ դառնա ու այնուամենայնիվ չհեռանա ինձնից, ապա բացառված չէ, որ նա ինձ սիրում է։

Սակայն զուգընկեր ընտրելիս կանայք, ովքեր սկսում են արագ զարգանալ ու աճել, կարող են ընկնել ամուսնական խարդախների ցանցը։ Դրանք տղամարդիկ են, որոնք, սակայն, ունեն կանացի հոգեբանություն։ Ամուսնական խարդախի շատ ցայտուն նշան է այն, որ նա շատ գեղեցիկ կերպով է հասնում կնոջ ուշադրությունը գրավելուն կոնֆետ-ծաղկեփնջային շրջանում։

Իսկ իսկական գործարարը դրա ժամանակը չունի, ձևերն էլ չգիտի։ Նա կարող է գալ ու ասել՝ դու ինձ դուր ես գալիս, մենք կկարողանայինք միասին ապրել։ Բայց ես քո հետևից ընկնելու ժամանակ չունեմ։

Ա՛յ այսպիսի տղամարդու հետ համարձակորեն կարելի է ամուսնանալ։ Երբ մարդը կարողանում է խնդիրը լուծել, նա դա անում է շատ արագ ու ճիշտ, սակայն, իհարկե, եթե դուք զգում եք, որ նա ձեզ հարմար չէ, ապա պետք է շատ արագ հեռանալ միմյանցից։

Հոգեբան Միխայիլ Լիտվակ

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս