Բաժիններ՝

Խորը գետերը լուռ են հոսում

Կարեն Մելքոնյանի հիշատակին

Կան մարդիկ, որոնց մասին պարտավոր ենք գրել։ Դրանք այն մարդիկ են, ովքեր կարևոր աշխատանք են կատարում և երբեք չեն մտածում իրենց անձը գովազդելու մասին։ Այդ մարդիկ այնքան են սիրում իրենց աշխատանքը, որ գոհանում են իրենց արածով՝ երբեք գովազդի, գովասանքի, մեդալների ու կոչումների կարիքը չզգալով։ Անցած շաբաթ կյանքից հեռացավ Հայաստանի կրթական համակարգի տաղանդավոր մասնագետներից մեկը՝ Կարեն Մելքոնյանը։ Նա հանրային լայն շրջանակներում հայտնի չէր, հեռուստաէկրաններին ու թերթերի էջերում հազվադեպ էր հայտնվում։

Երբ Google արեցի նրա անունը, առանձնապես բան չգտա։ Բայց իրականում նա ահռելի ծավալի աշխատանք է կատարել, որի մասին շատ լավ գիտեն մասնագիտական շրջանակներում։ Կարեն Մելքոնյանը մեր կրթական համակարգի ամենալուսավոր մարդկանցից մեկն էր։

Երբ 22 տարի առաջ դարձա «Կրթություն» թերթի գլխավոր խմբագիր, Կարեն Մելքոնյանն աշխատում էր ԿԳ նախարարության Ծրագրամեթոդական վարչությունում։ Այդ տարիներին իրավական փաստաթղթերը դեռևս թվայնացված չէին։ Հետևաբար՝ չկար նաև որոնումների համակարգ։ Չէիր կարող հեշտությամբ գտնել, թե որ դրույթը որ փաստաթղթում է գրված։ Պարտավոր էիր այդ ամենը հիշել ու իմանալ։ Կարեն Մելքոնյանը նախարարության ինստիտուցիոնալ հիշողությունն էր։ Նա անգիր գիտեր, թե որ փաստաթուղթը երբ է ընդունվել, երբ է վերանայվել, որ փաստաթղթում ինչ է գրված։ «Կարենին հարցրեք, ինքը կիմանա»  արտահայտությունը հաճախ էր հնչում ԿԳ նախարարության աշխատասենյակներում և միջանցքներում։

Կարդացեք նաև

Կարեն Մելքոնյանի գլխավորությամբ ստեղծվեց Հայաստանի անկախության տարիներին մշակված լավագույն կրթական փաստաթուղթը՝ Կրթակարգը։ Այդ փաստաթղթով սահմանվում է Հայաստանի դպրոցական կրթության բովանդակությունը։ Փաստաթղթի մշակման աշխատանքներն իրականացվեցին 2003-2004 թվականներին։

Նմանատիպ փաստաթուղթ ստեղծելու փորձ Հայաստանում չկար։ Անհրաժեշտ էր համաձայնեցնել նախարարության, միջազգային փորձագետների, աշխատանքային խմբի հայաստանյան անդամների մոտեցումները և ստեղծել բոլորի համար ընդունելի մի փաստաթուղթ։ Կարելի է ասել, որ փաստաթղթի մշակման աշխատանքներն ընթանում էին բուռն քննարկումների և բանավեճերի մթնոլորտում։

Աշխատանքային խմբում կային տարբեր առարկաների մասնագետներ, տարբեր մտածելակերպ ունեցող մարդիկ։ Բնականաբար, նման իրավիճակում հեշտ չէր կոնսենսուսի հանգելը։ Բայց Կարեն Մելքոնյանը կարողանում էր դա անել։ Նա չէր զլանում հարցեր տալ և սովորել մարդկանցից, կարողանում էր ներառել բոլորին, կարողանում էր բարձրաձայնել բոլորի դիրքորոշումները՝ լսելի դարձնելով նրանց։ Երբեք ցույց չէր տալիս, որ գիտի հարցերի պատասխանները։ Հարցնում էր այնպիսի տոնայնությամբ, որ հենց քո կարծիքն է ուզում իմանալ, որ հենց քո ասածն է իր համար կարևոր։

Երկար բանավեճեր էին ծավալվել, թե ինչպես պետք է անգլերենից թարգմանել curriculum բառը։ Այդ օրերին դիմում էր տասնյակ մարդկանց՝ փորձելով ճշտել յուրաքանչյուրի տեսակետը։

Հաճախակի հրավիրում էր տարբեր մասնագետների՝ մասնակցելու և կարծիք հայտնելու Կրթակարգի նախագծի վերաբերյալ։ Դժվար է հիշել մի փաստաթուղթ, որն այդքան բաց ու մասնակցային է քննարկվել Հայաստանում։ Իմ ճանաչած այն եզակի մարդկանցից էր, ով չէր վախենում քննադատությունից։ Որպես կանոն՝ Հայաստանում մարդիկ չեն սիրում, երբ իրենց քննադատում են։ Կարեն Մելքոնյանը շատ հանգիստ էր վերաբերվում քննադատությանը, քանի որ բարձրակարգ մասնագետ էր և քննադատության մեջ անձնային իմիջի վնասման խնդիր չէր տեսնում։ Ներկայումս շատ է խոսվում քննադատական մտածողության կարևորության մասին։ Բայց Հայաստանում քչերն ունեն քննադատական մտածողության հմտություն, քանի որ շատ քչերը կարող են վերանայել իրենց տեսակետները, մտածել բազմակողմանիորեն, երևույթները դիտարկել տարբեր տեսանկյուններից։

Կարեն Մելքոնյանի հաջողության գաղտնիքն այն էր, որ նա ճանապարհ էր անցել։ Աշխատել էր՝ որպես ուսուցիչ, ղեկավարել էր ուսումնական հաստատություն, վարչական տարբեր պաշտոններ էր զբաղեցրել։ Այսինքն՝ նա համակարգը գիտեր՝ ինչպես ներսից, այնպես էլ՝ դրսից։ Դրա շնորհիվ կարողանում էր արդյունավետ աշխատել բոլորի հետ։ Եվ ուսուցիչներն էին նրանից սովորում, և միջին ու բարձր մակարդակի կառավարիչները, և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մեր կրթության ոլորտի խնդիրներից մեկն այն է, որ շատ քիչ մասնագետներ ունենք, ովքեր կարողանում են համադրել խորհրդային համակարգի և ժամանակակից աշխարհի լավագույն որակները։ Կարեն Մելքոնյանի մոտ դա ստացվում էր։ Խորհրդային արժեհամակարգից իր մեջ կրում էր հանրագիտարանային գիտելիքները, բարեկրթությունը, մարդկանց հետ հաղորդակցվելու բարձր մշակույթը։ Լինելով սովորող մարդ՝ շատ արագ կարողացել էր նաև իր մեջ զարգացնել ժամանակակից աշխարհում կարևորվող այնպիսի որակներ, ինչպիսիք են ճկունությունը, աշակերտակենտրոն մտածելակերպը, ժողովրդավարական արժեքները։

Բազմաթիվ են Կարեն Մելքոնյանի ձեռքբերումները։ Նա մեծ դեր է ունեցել Հայաստանում «Հասարակագիտություն» առարկայի դասավանդումը վերականգնելու գործում, մասնակցել է բազմաթիվ փաստաթղթերի մշակման աշխատանքներին։ Միջազգային փորձագետ էր։ Նրան լավ էին ճանաչում ԱՊՀ որոշ երկրների կրթության պատասխանատուները։

Ցավոք, նրան այդպես էլ չվստահվեց բարձր պաշտոն, որպեսզի շատ ավելի մեծ հնարավորություններ ունենար իր մտածելակերպն ու գործելակերպը կրթական համակարգում արմատավորելու գործում։ Բայց կարող եմ ասել, որ նույնիսկ համեստ պաշտոններ զբաղեցնելով հանդերձ՝ շատ մեծ ազդեցություն ունեցավ բազմաթիվ մարդկանց վրա։ Ինձ համար Կարեն Մելքոնյանը Մեծ Ուսուցիչ է։ Հայտնի ասացվածքի համաձայն՝ մեր կյանքը փոխում է երկու բան. մարդիկ, որոնց հանդիպում ենք, և գրքերը, որոնք կարդում ենք։ Բախտավոր եմ, որ կրթության ոլորտում աշխատելու առաջին տարիներին հանդիպեցի Կարեն Մելքոնյանին։ Նրա կերպարն ինձ շատ է ոգևորել և շարունակելու է ոգևորել։

Ապրիլի 22-ին Կարեն Մելքոնյանը կդառնար 69 տարեկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս