Բաժիններ՝

«Կարևորը՝ մուկը սատկի». Գործարարը դատի է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը

Գյուղատնտեսության նախարարության հետ տարիներով համագործակցած գործարարը դատական հայց է ներկայացրել նախարարության դեմ: Խոսքը կառավարության սուբսիդավորած ծրագրերով՝ պետգնումներում ակտիվ մասնակից «Հրաշք այգի» ընկերության մասին է, որի ղեկավարն է Արթուր Իվանյանը:

Ընկերությունը, որն իր ոլորտում խոշորագույնն է համարվում, զբաղվում է թունաքիմիկատների, պարարտանյութերի, գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական տարատեսակ ապրանքների ներկրմամբ և վաճառքով:

Գործարար-նախարարություն լարվածությունն առաջացել է թունանյութի մատակարարման մրցույթից հետո, երբ 2019թ. մատակարարման նպատակով «Հրաշք այգին» մասնակցել է և հաղթող է ճանաչվել նախարարության հայտարարած տենդերին, սակայն հաղթելուց հետո նախարարությունը հրաժարվել է ընկերության հետ պայմանագիր կնքել։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 25 մլն 680 հազար 400 դրամ:

Նախարարությունը, փաստորեն, այդպես էլ չի գնել «Հրաշք այգի» ընկերությունից մկնասպան թունանյութերը և 2018թ. նոյեմբերին հայտարարված մրցույթի արդյունքներն առոչինչ համարելով՝ մի նոր տենդեր է հայտարարել՝ այս տարի փետրվար ամսին, և այս անգամ՝ լրիվ փոփոխված տեխբնութագրով:

«Հրաշք այգի» ընկերության փաստաբան Միքայել Ավետիսյանն այս ամբողջ պատմությունն իր պաշտպանյալ գործարարի դեմ «հատուկ գործողություն» է որակում:

Ընկերությունը դատարանում վիճարկելու է զավեշտալի հիմքերով կազմված տեխնիկական բնութագիրը, որով փորձ է արվել օրենքի պահանջից դուրս արհեստածին չափանիշեր գրել, որպեսզի դռներ, պատուհաններ արտադրող մի կազմակերպություն հաղթի թունանյութերի համար նորից հայտարարված մրցույթում:

Փաստաբանի խոսքով՝ նախարարությունն այս դիտավորությանը գնացել է, որպեսզի խոշոր խաղացողին հեռացնի պետգնումների գործընթացից: Իսկ անձնական շահագրգռվածությունը նախարարինը չէ, փաստաբանը սլաքներն այլ ուղղությամբ է տանում՝ կառավարության պաշտոնյայի անունը խոստանալով հրապարակել առաջիկայում:

Մկնասպան թունանյութի տեխնիկական բնութագրում մասնավորապես նշված է, որ թունանյութը պետք է պարտադիր լինի մածուցիկ, թափանցիկ, հեղուկ վիճակում, իսկ գույնն էլ՝ պարտադիր կարմիր կամ կապույտ: Այսինքն՝ քիմիական ազդող նյութն այստեղ ստորադասվել է, այդ թվում՝ դրա արդյունավետությունը: Իսկ թե մուկը կսատկի կարմի՞ր, կանա՞չ, թե՞ նարնջագույն հեղուկից՝ բոլորովին երկրորդական հանգամանք է, կարևորն այն է, որ մուկը սատկի:

Մասնագետներն այս բնութագիրը զավեշտ են համարում, նրանց խոսքով՝ նույն ընկերության արտադրած քիմիան հաճախ տարբեր գույներով է թողարկվում, այս դեպքում բաղադրատոմսն է շատ էական, մինչդեռ նախարարության մասնագետները նստել, մրցույթի համար «թիթեռ են նկարել»:

Գաղտնիք չէ, որ պետական գնումների մրցույթներում սովորաբար բնութագրերը կազմվում են կոնկրետ տնտեսվարողի շահերի տեսանկյունից ընտրված տերմիններով: Ստացվում է՝ այս մեկն էլ հերթական դեպքն է՝ «ավանդականի» շարքից:

Այսինքն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ որպես մրցույթը հայտարարած մարմին, կանխորոշված արդյունքների համար է պայքարել, և դա արվել է ամեն գնով՝ օրենքից դուրս հնարած կեղծ բնութագիր կազմելով՝ հարմարեցնելով նախարարության համար ցանկալի տնտեսվարողի պահեստներում ամբարած կոնկրետ մկնդեղի նյութի տեսակի հետ:

Ի դեպ, Գյուղատնտեսության նախարարության հայտարարած մրցույթներում այսպիսի ոչ նորմալ դեպքեր հաճախ են լինում: Միայն վերջին շրջանն ուսումնասիրելիս հայտնաբերել ենք, թե ինչպես է, օրինակ, «ԱԷՍ Թրեյդ» անվանումով մի ընկերություն, որը ոլորտի հետ ոչ մի աղերս չունի, հաղթող ճանաչվել, իսկ նոմինալ կազմակերպության ետևում պարզում ենք, որ կանգնած են Գյուղնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մեր հաջորդ հրապարակման մեջ կանդրադառնանք այս զավեշտալի դեպքերին ու դրանց ետևում թաքնվող պաշտոնատար անձանց մութ գործարքներին:

Հիշեցնենք միայն, նախորդ իշխանության օրոք ՀՀ Հաշվեքննիչ պալատը նույն այդ պաշտոնյաների գործարքների հետքերով մեկ այլ կառույցում մեծածավալ չարաշահումներ էր բացահայտել, արդյունքում՝ հայտնի դարձավ, որ Համաշխարհային բանկի և միջազգային այլ կառույցների կողմից տրամադրված դրամաշնորհները ծախսվել են ոչ արդյունավետ, այլ կերպ ասած՝ փոշիացվել են:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս