Դատարանը պարտավորեցրել է վերացնել ներխուժումները «Լիդիան Արմենիա»-ին պատկանող տարածքներ. ոստիկանությունը դեռ չի ստացել վճիռը
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի):
Վճռի համաձայն ոստիկանությունը պարտավորում է վերացնել «Լիդիան Արմենիա»-ին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները: Դատարանի վճիռը հրապարակվել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ որոշումը դեռևս չեն ստացել:
Հարցին, թե ստանալուց հետո ի՞նչ քայլեր են ձեռնարկելու՝ ոստիկանությունից պատասխանեցին, որ դեռևս ոչինչ չեն կարող ասել:
«Վճիռը ստանալուց հետո կորոշենք, թե հետագայում ինչ իրավական գործընթացներ կսկսվեն»,- ասացին ոստիկանությունից:
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեցին, որ ՀՀ վարչական դատարանը վճիռը կայացնելուց հետո անմիջապես ապրիլի 10-ին վճռի մեկ օրինակ հանձնել է Վայոց Ձորի մարզային վարչության ոստիկանության Ջերմուկի բաժին, մյուս օրինակն էլ՝ «Լիդիան Արմենիա» ընկերությանը:
Ապրիլի 11-ին վճիռը փոստի միջոցով նույնպես ուղարկվել է ՀՀ ոստիկանություն:
«Հնարավոր է, որ տեխնիկական հարցեր են առաջացել, որ ոստիկանությունում դեռ չեն ստացել վճռի օրինակը»,- նշեցին ՀՀ դատական դեպարտամենտից:
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
2018 թ. սեպտեմբերի 20-ին Լիդիանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել ընկերության տարածք ներխուժած ցուցարարներին, որոնք արգելափակել են Ընկերության մուտքը դեպի Ամուլսար: Ընկերությունը բողոքել էր ոստիկանության կայացրած որոշման դեմ, որով ոստիկանությունը հիմնավոր չէր համարել ցուցարարների, նրանց մեքենաների, վրանների և տնակների հեռացման և դեպի Ամուլսարի տարածք Լիդիանի ազատ մուտքն ապահովելու՝ Լիդիանի պահանջը: Դատարանը արձանագրել է, որ հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության։