
Էկվադորի նախագահի հակառակորդները բողոքի ցույցի են պատրաստվում Ասանժի ձերբակալման դեմ

Էվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի կողմնակիցները ցույց են անցկացնելու WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստանից զրկելու՝ երկրի գործող նախագահ Լենին Մորենոյի կառավարության որոշման դեմ: Այդ մասին գրել է Comercio թերթը:
Հաղորդվում է, որ Revoluciցn Ciudadana («Քաղաքացիական հեղափոխություն») շարժումը «ազգային մոբիլիզացիայի» է կոչում ապրիլի 16-ին: Ակցիայի նպատակը, կազմակերպիչների խոսքով, բողոքն է երկրի ինքնիշխանության եւ մարդու իրավունքների խախտման դեմ:
«Մենք Էկվադորի բնակիչներին հրավիրում ենք դուրս գալ փողոց՝ հայտնելու իրենց վրդովմունքը»,-հայտարարել է Էկվադորի ԱԳ նախարարության նախկին ղեկավար Ռիկարդո Պատինիոն: Շարժման համապատասխան հայտարարության մասին Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեան գրել է Twitter-ի իր էջում:
«Ջուլիան Ասանժի արտահանձնումը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է, որը որպես պարտադիր սկզբունք է ճանաչում փախստականին կամ ապաստան փնտրողին չարտաքսելը այն երկիր, որտեղ նրանց կյանքին, անձեռնմխելիությանը կամ ազատությանը վտանգ է սպառնում»,-ասված է հայտարարության մեջ: Ուղերձում նաեւ նշվում է, որ Մորենոյի որոշումը «ծխածածկույթ է հանրապետության նախագահից ուշադրությունը շեղելու համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: