«Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը». Նիկոլ Փաշինյան
«Այսօր իսկապես Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել: Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ: Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակա-տարում¬ներ են արձանագրվել եւ մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 80 միլիոն դոլարով»,- այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթում հայտարարեց աց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական եւ առողջապահական ներդրումներին, տարածքային համաչափ զարգացմանը եւ աշխատավարձեր կբարձրացվեն:
«Մեր կառավարության գործունեությունը թափանցիկ է եւ հաշվետվողական եւ մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է, խոսքի եւ հավաքների կատարյալ ազատությամբ:
Ըստ նրա՝ ընտրությունների կեղծման, համակարգային կոռուպցիայի էջը Հայաստանում փակված է անշրջելիորեն, կառավարությունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:
«Բայց մեր ժողովրդավարությունը ուժեղանալու, տնտեսապես եւ ինստիտուցիոնալ երաշխիքների անհրաժեշտություն ունի: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումը այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք ԵԽ-ի աջակցության կարիքն ունենք: Այս ամենը կարեւոր է ոչ միայն քաղաքական հեղափոխության արդյունքներն ամրագրելու այլեւ մեր սկսած նոր՝ տնտեսական հեղափոխությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար:
Մեր ձեռնարկած տնտեսական հեղափոխության առանցքային նպատակն ու իմաստը մեր քաղաքացիներին տնտեսական գործունեության քաջալերելն է, նրանց համար իրական հնարավորություններ ստեղծելը, Հայաստանը ներդրումների եւ զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելը եւ մեր երկիրը տեխնոլոգիական առաջամարտիկի վերածելը: Եւ մենք համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության մեջ, որովհետեւ մեր ժողովուրդը վերագտել է վստահությունը սեփական ուժերի եւ սեփական ապագայի նկատմամբ»,֊ ասաց նա: