ԵԱՏՄ-ի երկրները դեռևս պատրաստ չեն ՉԺՀ-ի հետ առևտրական սահմանափակումների լիակատար չեղարկմանը. Նիկիշինա
Եվրասիական տնտեսական միության երկրները դեռեւս պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
«Ներկա փուլում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների բիզնեսը դեռեւս պատրաստ չէ պաշտպանել Չինաստանի հետ շուկաների լիաֆորմատ բացումը, ինչպես դա պահանջում են ԱԱԳ-ի ստեղծման կանոնները»,-ասել է Նիկիշինան: Նրա խոքսով, նախքան նման բանակցություններ սկսելը, պետք է վերլուծել այդ քայլի հնարավոր հետեւանքները:
«ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսությունը բնավ միատարր չէ, ուստի պահանջվում է գնահատել օգուտներն ու ռիսկերը անդամ պետություններից յուրաքանչյուրի համար, ընդ որում՝ սեկտորների ու ճյուղերի կտրվածքով, իսկ մի շարք դեպքերում՝ կոնկրետ ապրանքների կտրվածքով»,-պարզաբանել է նա:
Նիկիշինան հիշեցրել է, որ անցյալ տարվա մայիսին ԵԱՏՄ-ն եւ Չինաստանը համաձայնագիր են ստորագրել առեւտրատնտեսական համագործակցության մասին: «Չինաստանն արդեն վավերացրել էայդ համաձայնագիրը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ ԵԱՏՄ-ի անդամ պետություններն ավարտում են անհրաժեշտ ընթացակարգերը: Այդ կապակցությամբ ենթադրում ենք, որ ամենամոտ ժամանակներս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի»«-հայտարարել է նա:
Այդ համաձայնագիրը չի նախատեսում մաքսատուրքերի նվազեցում կամ ծառայությունների ու պետական գնումների շուկաների բացում: Բայց այն թույլ է տալիս էականորեն նվազեցնել առեւտրում առկա խոչընդոտները, քանի որ դրանց մեծ մասը, Նիկիշինայի խոսքով, դրսեւորվում է ոչ թե մաքսատուրքերում, այլ հավաստագրման, տեխնիկական կարգավորման ոլորտում եւ վարչական այլ ընթացակարգերում: