
Boeing-ը մարտին 737 ընտանիքի ինքնաթիռների ոչ մի պատվեր չի ստացել. WSJ

Միացյալ Նահանգների Boeing ընկերությունը յոթնամյա ժամանակամիջոցում առաջին անգամ ամսվա ընթացքում 737 ընտանիքի ոչ մի մարդատար ինքնաթիռ չի վաճառել: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը:
Հրատարակության տվյալներով՝ ընկերությունը նախորդ ամսին պատվիրատուներին մատակարարել էր Boeing 737 MAX ընտանիքի 11 ինքնաթիռ, ինչն ավելի քան կիսով չափ ցածր է նախընթաց ամիսների ցուցանիշներից:
Այսպես, թերթի տեղեկատվությամբ՝ փետրվարին Boeing-ը կատարել է տվյալ մոդելի ինքնաթիռների 27 պատվեր, իսկ հունվարին՝ 24: Ըստ որում գարնան առաջին ամսին ընկերությունն ընդամենը երեք պատվեր է ստացել 737 ընտանիքի մասնավոր բիզնես-ջեթերի համար եւ մարդատար ինքնաթիռների ոչ մի պատվեր՝ առեւտրային ավիաընկերությունների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: