Բաժիններ՝

«Մեր պահապանները մեր հեղափոխության թշնամիների դեմ պայքարի առաջնագծում են». Խամենեի

Թեհրանի եւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի դեմ Վաշինգտոնի գործողությունները արդյունք չեն տա: Այդ մասին, ինչպես ապրիլի 9-ին հայտնել է ISNA գործակալությունը, հայտարարել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց ԻՀՊԶ-ն ներառել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

«Մեր պահապանները մեր հեղափոխության թշնամիների դեմ պայքարի առաջնագծում են եւ միշտ պաշտպանել են երկիրը»,- գործակալությունը մեջբերել Խամենեիի խոսքը:

Նա նաեւ նշել է որ «ԻՀՊԶ-ի եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի դավերն արդյունք չեն տա»: Իրանի ղեկավարի խոսքով՝ «Իրանի թշնամիները 40 տարվա ընթացքում ամեն տեսակ ճնշումներ էին գործադրում Թեհրանի վրա», ինչն ի ցույց Է դնում «իրանական ազգի շարժումը կանգնեցնելու ԱՄՆ-ի անկարողությունը»: Իր հերթին, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սխալ է համարել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու Վաշինգտոնի որոշումը:

«ԱՄՆ-ը առաջատար դեր է խաղում աշխարհում ահաբեկչության տարածման մեջ: Ամերիկան սխալ գործեց՝ ԻՀՊԶ-ն ճանաչելով ահաբեկչական կազմակերպություն: Իրանական ժողովրդի մեջ զորակազմի հեղինակությունը միայն կմեծանա»,-ասել է նախագահը: Ռոուհանին հավելել է, որ ԻՀՊԶ-ն «միշտ էլ ահաբեկիչների դեմ պայքարով է զբաղվել Մերձավոր Արեւելքում, Իրաքում, Սիրիայում», մինչ «Իրանի թշնամիները զինում Էին ահաբեկիչներին, նրանց պայթանյութ մատակարարում արյունահեղություն սարքելու համար»:

Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկրի վրա ԱՄՆ-ի ճնշումը չի բերում այն արդյունքները, որոնք ակնկալում է Վաշինգտոնը: «Ինչի՞ եք դուք ձգտում հասնել պատժամիջոցներով: Դուք ասում եք, որ դրանք հարկավոր են, որպեսզի խանգարվի մեր զարգացումը, բայց դա սուտ է: Այդ ստի ապացույցը մեր առաջընթացն է տեխնոլոգիական բնագավառում, միջուկային մշակումներում, նոր ցենտրիֆուգների գործարկման ասպարեզում»,-հայտարարել է Ռոուհանին:

ԱՄՆ-ի վարչակազմն ապրիլի 8-ին հայտարարել է, որ ԻՊՀԶ-ն ներառում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Իր հերթին, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն անհիմն է որակել Վաշինգտոնի ընդունած որոշումը, ահաբեկչական կազմկերպություն է ճանաչել ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM), իսկ Միացյալ Նահանգները՝ «ահաբեկչությունը հովանավորող պետություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս