
Մոգերինին պահանջել է անհապաղ հրադադար հաստատել Լիբիայում

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 8-ին, ժամանելով ԵՄ-ի ԱԳ նախարարների Լյուքսեմբուրգի հանդիպմանը, հայտարարել է, որ Լիբիայում անհապաղ պետք է հրադադար հաստատվի մարդասիրական նպատակներով։
«Լիբիայում շտապ հումանիտար հրադադար է անհրաժեշտ վիրավորներին ու քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու համար»,-ասել է նա, ընդգծելով, որ իրադրությունը քննարկել է Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեի հետ: «Անհրաժեշտ է կանգնեցնել բռնության էսկալացումը, եւ ես համոզված եմ, որ դրանում եվրոպացիներն այսօր միասնական կլինեն»,-հավելել է նա:
«Լիբիացիներին այլեւս հարկավոր չեն մարտական գործողություններ, նրանց հարկավոր է խաղաղություն ու երկխոսություն: Անհրաժեշտ է Լիբիայում ռեսուրսներն ու իշխանությունը բաժանել կառուցողական ոգով, այլ ոչ թե շարունակել պայքարը միմյանց դեմ»,-ասել է Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: