
Փաշինյանը ԵԽԽՎ վեհաժողովի նախասրահում պաշտոնապես կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը

ԵԽԽՎ-ն այսօր սկսել է գարնանային նստաշրջանի աշխատանքը: Եվրոպական այս կառույցում օրակարգային հարց է` ինչպե՞ս կանխել ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը, ինչպիսի՞ դեր ու պատասխանատվություն ունեն քաղաքական առաջնորդներն այդ խնդիրը լուծելու համար:
Վեհաժողովը քննարկելու է նաև անդամ երկրների` միջազգային կառույցների հետ համագործակցությանը, փողերի լվացմանը, ինչպես նաև սոցիալական մեդիային, հնարավոր սպառնալիքներին վերաբերող հարցեր:
Հինգշաբթի օրը ԵԽԽՎ-ում ելույթ կունենա ու վեհաժողովականների հարցերին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախատեսված են նաև հանդիպումներ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։
Վարչապետ Փաշինյանը վեհաժողովի նախասրահում պաշտոնապես կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը:
Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ-Երևան