Բաժիններ՝

«Հիմա, որ մթերքը չտանեն գյուղացիներից, Փաշինյա՞նն է տանելու իր աներձագի կամ եղբոր տղայի հետ». բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանին  

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորելու որոշում կայացրեց, ինչը զայրացրեց դատարանի շենքի մոտ հավաքված ընկերության աշխատակիցներին։

Նրանք սկզբում պահանջեցին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև տեսնելով, որ Դավիթ Ղազարյանին տեղափոխում են կալանավայր, փորձեցին փակել նրան տեղափոխող մեքենայի ճանապարհը, որի արդյունքում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցավ հրմշտոց։ Չնայած ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը, սակայն ընկերության աշխատակիցները շարունակում են մնալ դատարանի մոտ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։

«Պարոն վարչապետ, չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում, մենք չաշխատենք՝ սոված կսատկենք»,- բացականչում են բողոքի ակցիայի մասնակիցները։«Մենք վարչապետին ընտրել ենք ոչ այսպիսի երկրում ապրելու համար, վարչապետից պահանջում ենք Դավիթ Ղազարյանի ազատությունը։ Պետության կողմից սա մեր նկատմամբ ամենամեծ կեղտոտությունն է, նա պետք է ազատ արձակվի, 3-4 հազար ընտանիք, հնարավո՞ր է՝ առանց ղեկավարի ապրի։ Արտագաղթի դե՞մ ենք պայքարում. եթե Սերժ Սարգսյանը հատ-հատ էր ուղարկում, սրանք 2000-ով են արտագաղթ կազմակերպում։ Բա այսքանից հետո էլ ո՞վ կգա ներդրում կանի, կալանավորմա՞մբ են ֆինանսական հարցեր լուծում։ Փաշինյանը մեկ տարում իսկի 100 աշխատատեղ չի ստեղծել, այս մարդը հազարից ավելի աշխատատեղ է բացել։

Հիմա, որ մթերքը չտանեն գյուղացիներից, Փաշինյա՞նն է տանելու իր աներձագի կամ եղբոր տղայի հետ։ Ո՞վ է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը, Գագիկ Խաչատրյանի տեղակալն է եղել։ Վարչապետի կնոջ հիմնադրամին  Գագիկ Խաչատրյանը փող տվեց, հիմա դարձել է ամենաարդար մա՞րդը։ Փաշինյա՞նը չէր ԱԺ ամբիոնից ասում՝ թալանչիներին այս անեմ, թալանչիներին այն անեմ, բա ինչո՞ւ չի անում»,- նշում են ակցիայի մասնակիցները։

Նշենք, որ «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հայտնեց, որ այս պահին կան բերման ենթարկվածներ, սակայն ոստիկանապետը խոստացել է նրանց ազատ արձակել։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս