
Երևանի Թբիլիսյան խճուղում մեքենան բախվել է ճանապարհամերձ եզրաքարերին, հոսպիտալացվածների վիճակը ծանր է

Ապրիլի 6-ին՝ ժամը 20:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 43 շենքի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Գ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհամերձ եզրաքարերին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վարորդին (Մ.Գ., ծնված 1967 թ.) և ուղևորին (Կ. Հ., ծնված 1974 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր: