Բաժիններ՝

«Այս ի՞նչ օրենք է, սա նշանակում է՝ փոքր բիզնեսը սպանել. մի հաղորդագրություն ուղարկեիք, ախպեր ջան». Սրբուհի Ստամբոլցյանը՝ ՊԵԿ-ին

Երգչուհի Սրբուհի Ստամբոլցյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. Անցյալ մարտ ամսին ԱՁ բացեցի: Սպառողի ինքնուրույն անհաջող փնտրումներս ընթացքի մեջ էին: Վերջին մի քանի ամիսներին էլ անվերջ հիվանդ էի: Արդյունքում՝ Հարկայինից նամակ ստացա, որ ինձ տույժի են ենթարկում տարեկան վերջնահաշվարկն ուշացնելու համար: Հայաստանում գրեթե բոլոր ծառայությունները մի քանի SMS են ուղարկում, որ չմոռանաս վճարել: Մի՞թե դժվար է Հարկայինին կամ ՊԵԿ-ին գոնե մեկ հիշեցնող SMS ուղարկել»:

Կապ հաստատեցինք նրա հետ՝ խնդիրն ավելի մանրամասն հասկանալու համար: Մեզ հետ զրույցում Սրբուհի Ստամբոլցյանն ասաց.

«ԱՁ եմ բացել անցած տարի, բայց հեղափոխությունից հետո նրանց, ում պետք է վաճառեի օճառները, այդ մարդիկ գնացին Հայաստանից: Ընթացքում նաև վատառողջ էի, այլ հարցեր էլ կային, ու մոռացել էի, որ ամեն տարվա վերջում արած գործի վերջնահաշվարկ են ներկայացնում: Հաշվապահ չունեի, քանի որ ոչ մի գործարք չէի իրականացրել: Հարկայինից նամակ ստացա, որտեղ նշված էր, որ ես տուգանվում եմ: Նիստ նշանակվեց, գնացի, հասկացան, որ գործարք չի արվել, ես էլ սկսնակ եմ, հաշվապահությունից չեմ հասկանում: Տեսան, որ խախտումներ չկան, ու որպես սկսնակի՝ ակտ չգրեցին: Հիմա ես օճառագործ եմ, պետք է նստեմ հաշվապահություն սովորե՞մ:

Հաշվապահ հրավիրեցի, զրոյական վերջնահաշվարկն ուղարկեց, բայց երբ ուզեց տարեսկզբյան «ընտանեկան ձեռնարկատիրոջ» նոր դիմումը ներկայացնել՝ համակարգը չընդունեց, ավտոմատ գցել էր ԱԱՀ-ի դաշտ: Որպեսզի հասարակ մարդուն հասկանալի լինի, ապա ասեմ, որ «ընտանեկանով» հարկվում ես տարեկան 5%, իսկ ԱԱՀ-ով՝ ամիսը 20%: Զանգեցինք Հարկային՝ պատասխանեցին, որ օրենքն այդպես է, ու խորհուրդ տվեցին գնալ ՊԵԿ և բողոքարկման դիմում գրել: Այդտեղ ինձ նման շատ անհատ ձեռնարկատերեր կային: Ասում էին՝ այս ի՞նչ օրենք է, սա նշանակում է՝ փոքր բիզնեսը սպանել: ԱՁ-ները այդ տոկոսի տակ ուղղակի կմեռնեն: Մարդ է, մոռացել է, մի հաղորդագրություն ուղարկեիք, ախպեր ջան»,- նշեց Սրբուհի Ստամբոլցյանը:

Նրա խոսքով՝ այսպես փոքր բիզնեսը չի կարող աշխատել:

«Մարդ եմ, մոռացել եմ, այ քեզ բան: Ավելին՝ ո՛չ գործարք եմ արել, ո՛չ էլ խուսափել եմ»,- հավելեց երգչուհին:

Մենք կապ հաստատեցինք նաև «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա»  հ/կ նախագահ Վահագն Համբարձումյանի հետ:

«Երևի խնդիրը վերաբերում է նրան, որ մոռացել են մինչև փետրվարի 20-ը հայտարարություն ներկայացնել, ու հայտնվել են ԱԱՀ-ի հարկման ռեժիմում: Օրենքով մինչև փետրվարի 20-ը պետք է հայտարարություն ներկայացնեն: Ցանկացած ձեռնարկատեր՝ լինի ԱՁ թե ՍՊԸ, եթե հաշվառվել է նախորդ տարի ու սկսում է հաշվետու տարին, պարտավոր է մինչև փետրվարի 20-ը հարկային մարմին հայտարարություն ներկայացնել, թե ինքը որ ռեժիմում է ցանկանում աշխատել. կարող է աշխատել ընտանեկանով, շրջհարկով, ԱԱՀ-ով, իսկ եթե ընդհանրապես չի ներկայացնում, ապա համակարգն ինքնաբերաբար իրեն թողնում է ԱԱՀ-ի դաշտ: Ի դեպ, օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից»,- նշեց Վահագն Համբարձումյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս