Ֆինանսների նախարարությունը ևս մեկ շաբաթ խոստանում է համբերել. քաոս Սարյան 22-ում
ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ի պատասխան 168.am-ի հարցման, թե ինչ անհրաժեշտությունից ելնելով է որոշում ընդունել նախարարությանը կից Պետգույքի տարածքից դուրս հանել այնտեղ 5 տարուց ավելի հանգրվանած թվով 162 հասարակական կազմակերպություններին, հետևյալ պատասխանն է տվել.
«ՀՀ ֆինանսների նախարարությունը որևէ կազմակերպության հետ կապված հակաօրինական որևէ գործողություն չի արել: Նախարարությունը նախատեսում է իրեն ամրակցված շենքերը, որոնք օպտիմալացման արդյունքում այլևս չեն շահագործվում նախարարության կողմից, հանձնել Պետգույքի կառավարման կոմիտեին»:
Իսկ թե ինչո՞ւ է «վտարման» համար նախարարությունն ընդամենը մեկ օրվա ժամկետ տվել չորս սենյակում գործունեություն ծավալող մեծաքանակ կազմակերպություններին, նախարարությունից տեղեկացրեցին, որ՝ այո, սկզբում մեկօրյա ժամկետ է տրվել, սակայն, երբ ընդդիմացել են գործընկերները, խնդրել լրացուցիչ ժամկետներ, նախարարության կողմից կոմպրոմիս է եղել, ըստ այդմ՝ սկսվող մեկ շաբաթը տրված է վերջնաժամկետ՝ գույքը հավաքելու և տեղափոխվելու համար:
Նախարարությունից տեղեկացնում են, որ, եթե խիստ անհրաժեշտություն լինի, ևս մի քանի օր պատրաստակամորեն կսպասեն:
Հիշեցնենք, Երևանի Սարյան 22 հասցեի Պետգույքի 12-րդ հարկում նախկին իշխանության օրոք կառավարությունը որոշել էր անհատույց տարածք տրամադրել թվով 162 հասարակական կազմակերպություններին, որոնք սոցիալական-մշակութային հասարակական ամենատարբեր ծրագրերով համագործակցության մեջ են նախարարությունների հետ: Սակայն հեղափոխական կառավարությունը որոշել է հետքայլ անել և հետ վերցնել այդ 4 սենյակները հ/կ-ներից, պատճառաբանություն, որպես այդպիսին, չկա: Ֆինանսների նախարարությունն իրեն պատկանող տարածքն ընդամենը մտադիր է հանձնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, այսքան բան: Ոչնչից ստեղծված քաոսի ու դրա հետևանքների մասին ՝միայն հ/կ ներն են բարձրաձայնում, ասում են՝ մտահոգ ենք, աշխատանքն անհարկի կազմալուծվել է լուրջ միջոցառումների պատրաստվելու նախաշեմին: «Այս փուլում բոլորս էլ անպատրաստ ենք լրացուցիչ ֆինանսներ հայթայթել նոր տարածքներ գտնելու և վարձակալելու համար, իսկ նախարարության կողմից կոշտ վարքագծին խոստանում ենք համաչափ արձագանքել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեցին տարածքից վտարվող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Սյուզի Բադոյան