«Այս երկրում կա՞ մի մոլորյալ, ում կարծիքով՝ 25.000 դրամ թոշակ ստացողը երջանիկ է». Գևորգ Պետրոսյան
«ՊԵԿ-ում պարգևավճարները շարունակվելու են, դրանք ամենամսյա են լինելու»,- այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը:
Այս մասին հարց ուղղեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։
«Մենք պետական որևէ ծառայողի աշխատանքը ստվերելու, թերագնահատելու իրավունք չունենք: Եթե լավ է աշխատում, իհարկե, դա պետք է գնահատվի, բայց դեմ ենք նրան, որ առանց այն էլ բարեկեցիկ դիրքում գտնվող աշխատողները մի քանի անգամ ավելի պարգևատրվում են, երբ իրենցից մեկ մետր այն կողմ սոված քաղաքացի կամ գործազուրկ է քայլում: Մենք դեմ ենք տարբերակված մոտեցմանը: Ես չեմ կիսում այն տեսակետը, որ ասում են, թե քանի որ Մաքսայինում աշխատողները միլիոնավոր արժեքների հետ են շփվում, նրանց աշխատավարձը պետք է բարձր լինի: Կներեք, ուսուցիչը երբ որ աշակերտի հետ է շփվում, նրա առաքելությունը՝ հե՞չ: Փրկարարներն այսօր կոպեկներ են ստանում: Նույնը՝ ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները… Կողմ ենք արդարության ու հավասարության կանոնի պահպանմանը:
Ինչ վերաբերում է այն փաստարկին, թե պարգևավճար են տալիս, որ կոռուպցիա չլինի, ես էլ դասախոս եմ, ասեմ՝ ինձ էլ պարգևատրեք, որ կաշառք չվերցնե՞մ ուսանողներից, սա ի՞նչ աբսուրդ պատճառաբանություն է: Ցանկացած աշխատող միշտ էլ այն կարծիքին է, որ իր աշխատանքը հավուր պատշաճի չի գնահատվում: Հիմա ես էլ ասեմ՝ բա ես պատգամավոր եմ, 1000 դոլարը պատգամավորի համար ի՞նչ գումար է, դե մի հատ էլ ինձ պարգևատրեք, որ հանկարծ կոռուպցիոն գործարքներ չլինեն: Ես այդ տրամաբանությամբ չեմ աշխատում:
Այն, որ Հայաստանում աշխատավարձերը ցածր են՝ բացառությամբ որոշակի խմբի, ահա դա է մտահոգիչը: Ասում են՝ պետական բյուջե այսքան վերադարձ եղավ, բա ինչո՞ւ չի անդրադառնում մարդկանց կենսամակարդակի վրա: Այսօր մեկն ասում էր՝ 16.000-ից՝ 25.000 է դարձել թոշակը, բա մարդ երջանի՞կ չէ: Եղբայր, այս երկրում կա՞ մի մոլորյալ, ում կարծիքով՝ 25.000 դրամ թոշակ ստացողը երջանիկ է: Ամո՛թ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Անի Կարապետյան