Բաժիններ՝

Ինչ է վերադարձրել ՊԵԿ-ը տնտեսվարողներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հարկային հավաքագրումների համար եռամսյակային պլան չկա, և ուշադրություն հրավիրեց եռամսյակային համամասնությունների վրա: Ըստ նրա՝ ՊԵԿ-ն առաջին եռամսյակի համար սահմանել է 285.1 մլրդ դրամ, երկրորդի համար՝ 360.3 մլրդ դրամ, երրորդ եռամսյակի համար՝ 373.7 մլրդ դրամ, չորրորդ եռամսյակի համար՝ 382.6 մլրդ դրամ, և փաստացի հավաքագրումներն առաջին եռամսյակում կազմել են 296.5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 11.4 մլրդ դրամով կամ 4%-ով: Նա նկատեց, որ դրոշմանիշային վճարների գումարները չեն ներառվում հարկային եկամուտների ցուցանիշների մեջ, առաջին եռամսյակում դրանք կազմել են 1.8 մլրդ դրամ:

Դ.Անանյանը նշեց, որ 2018-ի առաջին եռամսյակի 19 մլրդ դրամի փոխարեն՝ այս տարի վերադարձրել են 26.4 մլրդ դրամ, որից ԱԱՀ գծով՝ 15 մլրդ, դիմումների հիման վրա կիսամյակային կտրվածքով վերադարձվող ԱԱՀ դեբետային մնացորդներ կամ ավելի վճարված հարկի գումարներ՝ 9.8 մլրդ, հպփոթեքային վարկառուներին եկամտային հարկի գումարի վերադարձ՝ 1.6 մլրդ դրամ։

Դ.Անանյանի խոսքով՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ կուտակված է եղել 132.7 մլրդ դրամ գերավճար, և 110 մլրդ հարկային պարտավորություն մարվել է նախկինում եղած հարկային պարտավորությունների հաշվին, այդպիսով՝ գերավճարները 2019թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 21.5 մլրդ դրամ, ապրիլի 1-ի դրությամբ՝ 15.4 մլրդ: Ամփոփելով, ՊԵԿ նախագահը նշեց, որ այս գումարը գնալով իջնելու է. «Ինչ-որ պահի անցումային գերավճարը զրոյանալու է, իսկ միասնական գանձապետական հաշվի մնացորդը լինելու է 20-25 մլրդի շրջանակներում, որը, մասնագետների կարծիքով՝ համարվում է նորմալ»:

ՊԵԿ նախագահը ներկայացրեց նաև ՀԴՄ կտրոնների աճի դինամիկան. 2019-ի առաջին եռամսյակում տպված ՀԴՄ կտրոնները 20.7 մլն հատով կամ 55.1 մլն դրամով ավելի են եղել 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Դ.Անանյանի կարծիքով՝ որոշակի տրամաբանություն կա քննադատություններում, որ ավելացել է նաև ՀԴՄ սարքերի թիվը, սակայն կոչ արեց ավելի ազնիվ լինել։ Ըստ նրա՝ այս պահի դրությամբ շուրջ 12.000 սարքի հայտ է բավարարվել, բայց մոտ 3000-ը չեն գալիս ստանալու, քանի որ, ի տարբերություն հին սերնդի ՀԴՄ-ների, նոր սերնդի ՀԴՄ-ները թույլ են տալիս ավելի մեծ վերահսկողություն սահմանել։ Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը կհայտարարի, որ այն տնտեսվարողները, որոնց հայտը դեռ բավարարված չէ, նրանց մոտ կոշտ վարչարարություն չեն իրականացնի, իսկ ում հայտն արդեն բավարարված է, պետք է ստանան ու կիրառեն նոր սերնդի ՀԴՄ-ները:

Բողոքարկման հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ Դ.Անանյանը նշեց, որ 2018-ի հունվար-մարտի 152 բողոքների փոխարեն՝ այս տարվա առաջին եռամսյակում ներկայացվել է 506 դիմում։ Նրա բնորոշմամբ՝ նախկինում շատ դեպքերում ՊԵԿ-ը ձեռնպահ է մնացել անդրադառնալու հարկային և մաքսային ծառայությունների որոշակի գործողությունների՝ վախենալով, որ դրանք հետագայում անցանկալի նախադեպ կարող են լինել, սակայն 2018-ից գանգատարկման հանձնաժողովի նիստերին մասնակցում են հ/կ-ների ներկայացուցիչներ, հանձնաժողովը բաց է լրատվության համար, և հարկ վճարողների մոտ հավատ է ձևավորվել, ու եթե շատ դեպքերում նախկինում շրջանցում էին գանգատարկման հանձնաժողովին դիմելը և միանգամից դատարան էին դիմում, այժմ նախ դիմում են հանձնաժողովին: Նրա կարծիքով՝ սա ոչ մի բան չի նշանակում, ապագայում կարող է դիմումների բավարարման տոկոսն իջնել, բայց սա նշանակում է, որ տնտեսվարողներն իրավագիտակցության բարձրացման արդյունքում են դիմում. «Կա հավատի վերականգնում ՊԵԿ-ի բողոքարկման հանձնաժողովի նկատմամբ»:

2019 թ. առաջին եռամսյակում ավարտվել է 229 հարկային սուգում, արդյունքում՝ առաջադրվել է 41.3 մլրդ դրամի պարտավորություն, որից 7.6 մլրդ-ը ստուգումների ժամանակ ներկայացված ճշտումներն են։ Անանյանը նշեց, որ այդ թիվն ուրախացնում է. «Հարկային ստուգումների ժամանակ հարկ վճարողները կարող են ներկայացնել ճշգրտված հաշվարկներ: ԱՄՀ մեր գործընկերները կարծում են, որ այս գործիքը կիրառելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ հարկ վճարողներն իրենց վարքագիծը կապում են ստուգումների հետ, որ, եթե հայտնաբերվեն սխալները, կարող են ուղղել: Մենք կարծում ենք, որ այս գործիքը պահպանելը դեռևս ճիշտ է, որովհետև մասնագիտական քննարկումների ժամանակ նույնիսկ համաձայն չլինելով հարկային ստուգողների հետ՝ հարկ վճարողները կիրառել են այս գործիքն ու վերահայտարարագրել ցուցանիշները»։

168.amի դիտարկմանը, որ վերադարձի մասին խոսելիս ՊԵԿ նախագահը չնշեց շահութահարկի վերադարձի մասին, իսկ ՊԵԿ տվյալներով՝ հունվարին շահութահարկի գծով բյուջեի մուտքերը բացասական են եղել 1.4 մլրդ դրամով, արդյո՞ք ՊԵԿ-ն ավելի շատ գումար է վերադարձրել հարկատուներին, քան հավաքագրել էր, Դ.Անանյանը պատասխանեց, որ շահութահարկի վերադարձ գործնականում չի լինում. «2017 թ. շահութահարկի հաշվարկը ներկայացվել է մինչև 2018 թ. ապրիլի 20-ը, այդ հաշվարկի հիման վրա 2018 թ. համար դրա 80%-ի չափով՝ բաժանած 4 եռամսյակների, իջեցվում է շահութահարկի կանխավճար, որն օրենքով պարտադրված է։

Եվ եթե, օրինակ, 2017 թ. շահութահարկի պարտավորությունը շատ ավելի մեծ է, հետևաբար՝ դրա 80 %-ը շատ ավելի շատ է, և 2018 թ. համար ավելի շատ է վճարվում, 2019 թ. առաջին եռամսյակի կանխավճարը ևս հաշվարկվում է 2018-ի չափով, քանի դեռ նա 2018-ի փաստացի շահութահարկի հաշվարկ չի ներկայացրել։ Հենց 2018-ի փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնի, և, եթե լինի շահութահարկի պարտավորությունն ավելի նվազ, և կանխավճար իջեցվի, առաջին եռամսյակի կանխավճարի և փաստացի գանձված կանխավճարի տարբերությունը եթե մինուսով է, հարկ վճարողը հետ է վերցնում։ Շահութահարկի վերադարձը, որ նայել եք, հավանաբար այդ թիվն եք տեսել»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս