Իրանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 60-ը
Իրանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 62-ի: Այդ մասին հայտնեէ ISNA գործակալությունը՝ հղում անելով երկրի դատական բժշկության կազմակերպությանը: Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր 57 զոհվածների եւ 478 տուժածների մասին:
«Մինչ այժմ հեղեղումների հետեւանքով երկրի դատական բժշկության կենտրոններ է բերվել 62 մարդ»,- գործակալությանը հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Մեհրդադ Ալի Բախշին, նշելով, որ սրանք ընթացիկ պահի պաշտոնական տվյալներն են:
Տարերքից, որը Իրանում մոլեգնել է մարտի 21-ին նոր տարվա տոնակատարությունից մի քանի օր անց, տուժել են տասնյակ հազարավոր բնակիչներ: Առատ տեղումներից առաջացած հեղեղումների պատճառով Իրանի մի շարք նահանգներում ողողվել են ճանապարհները, վնասվել են ենթակառուցվածքը եւ տներ, խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը:
Տարերքը, որը, իրանական իշխանությունների խոսքով՝ աննախադեպ է դարձել երկրի համար, մոլեգնել է երկրի նահանգների մոտավորապես կեսում:
Nehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ՆԳ նախարարության տվյալները, հայտնել է, որ տարերքի հարվածից շուրջ 400 գյուղ ու քաղաք է տուժել 15 նահանգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: