Հրապարակվել է ծերացած ամենագեղեցիկ հայտնիների վարկանիշը
Foreo շվեդական վելնես-մակնիշը առցանց հարցում է անցկացրել եւ կազմել ծերացած ամենագեղեցիկ հայտնիների վարկանիշը: Այդ մասին հայտնել է Mirror-ը:
Կանանց շրջանում վարկանիշը գլխավորել է բրիտանացի 73-ամյա դերասանուհի եւ «Օսկար» մրցանակի դափնեկիր Հելեն Միրենը:
Երկրորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին (92 տարեկան), որը նախընտրել է չօգտվել երիտասարդացնող զանազան միջոցներից:
Երրորդ հորիզոնականում ամերիկացի երգչուհի Մադոննան է (60 տարեկան), որը, ընդհակառակը, կանոնավոր կերպով դիմում է պլաստիկ վիրաբույժների օգնությանը:
Չորրորդը դարձել է ամերիկուհի քանթրի-կատարող եւ կինոդերասանուհի Դոլի Փարթոնը, որի 73-ամյակը լրացել է հունվարին, իսկ հինգերորդը՝ 72-ամյա երգչուհի Շերը:
Տասնյակում նաեւ տեղ են գտել Ջուդի Դենչը (84 տարեկան), Թինա Թյոռները (79 տարեկան), Քիմ Բեյսինգերը (65 տարեկան), Շերոն Սթոունը (61 տարեկան) եւ Սյուզի Սարանդոնը (72 տարեկան): Ամենագեղեցիկ ծերացած տղամարդ է ճանաչվել «Ոսկե գլոբուսի» 69-ամյա դափնեկիր ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը:
Նրա հետ միասին առաջատարների հնգյակում հայտնվել են դերասաններ Լիամ Նիսոնը (66 տարեկան), Փիրս Բրոսնանը (65 տարեկան), Առնոլդ Շվարցենեգերը (71 տարեկան) եւ Հարիսոն Ֆորդը (76 տարեկան):
Նրանց հաջորդում են՝ Քեւին Բեյքոնը (60 տարեկան), Պոլ Մաքքարթնին (76 տարեկան), Ռոբերտ դե Նիրոն (75 տարեկան), Հերի Օլդմենը (61 տարեկան) եւ Միք Ջագերը (75 տարեկան):