Լրագրող Խաշկոջիի զավակները փոխհատուցում են ստացել հոր սպանությունից հետո. The Washington Post
Սպանված լրագրող Ջամալ Խաշկոջիի զավակները Սաուդյան Արաբիայում որպես փոխհատուցում ամսական հնգանիշ վճարումներ ու միլիոնավոր դոլարների տներ են ստացել թագավորության կառավարությունից:
Այդ մասին հայտնել է The Washington Post-ը: Սաուդյան Արաբիայի ներկայիս ու նախկին պաշտոնատարների, ինչպես նաեւ Խաշկոջիի ընտանիքի անդամների տվյալներով՝ նրա երկու որդիներն ու երկու դուստրերը վճարումներ են ստանում թագավորության այն ջանքերի շրջանակներում, որ լրագրողի երեխաները զուսպ լինեն հոր սպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ անելիս:
Բացի այդ, հաղորդվում է, որ երեխաներից յուրաքանչյուրը Սաուդյան Արաբիայում մինչեւ 4 մլն դոլար արժողությամբ տուն են ստացել:
Ճշտվում է, որ լրացուցիչ փոխհատուցման շուրջ բանակցություններից հետո, որոնք սպասվում են լրագրողին սպանողների նկատմամբ դատավարության ավարտից հետո, Խաշկոջիի երեխաները կարող են ստանալ էլ ավելի խոշոր վճարումներ՝ յուրաքանչյուրը մոտավորապես 10 մլն դոլար:
Նշվում է, որ երեխաները Սաուդյան Արաբիայի կառավարությանը խիստ քննադատության չԷին ենթարկում սպանությունից հետո անցած մի քանի ամսվա ընթացքում: Ինչպես հրատարակությանը հայտնել է աղբյուրներից մեկը, թագավոր Սալմանը վճարումներին հավանություն է տվել անցյալ տարվա վերջին՝ որպես այն բանի ճանաչում, որ «կատարվել է մեծ անարդարություն», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: