Բաժիններ՝

«Աշոտին կորցնելով՝ կորցրել եմ ամեն ինչ». Աշոտ Շահբազյանի մոր համար որդու կորստի ցավը տարեցտարի ավելի է մեծանում

2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված լեյտենանտ Աշոտ Շահբազյանի ընտանիքի համար այդ չարաբաստիկ օրվանից անցած երեք տարին որևէ կերպ չի սփոփել նրա ցավը։

Մեզ հետ զրույցում հերոսի մայրը՝ Լիաննա Շահբազյանը, պատմեց, որ Աշոտի մահից հետո ձեռք է բերել առողջական մի շարք խնդիրներ, ժամանակ առ ժամանակ հիվանդանոց է պառկում բուժումներ ստանալու համար: Ասում է՝ ֆիզիկական ցավը որոշ չափով մեղմանում է, հոգու ցավը՝ երբեք։

«Ամեն օր սպասում եմ, որ որդիս դուռը կբացի, ներս կգա, միայն նրան եմ սպասում։ Ցավը տարեցտարի ավելի է մեծանում, Աշոտի կարիքը շատ եմ զգում։ Այս երեք տարիների ընթացքում իմ դուռը բացող չի եղել, ո՛չ զինկոմիսարիատը, ո՛չ այլ պատկան մարմիններ։ Ախուրյանը մոռացել է Աշոտ Շահբազյանին, միշտ ասել եմ, որ որդիս զոհվել է՝ հանուն ձեր աթոռների ու ապագայի, բա հիմա արժանի չէ՞ր, որ իր անունով մի դասարան ունենար։ Փողոցում Աշոտի հուշաքարն են դրել, ցեխի մեջ կորած է, փողոցը, որտեղ Աշոտն է ապրել, պետք է կոչեին իր անունով՝ չարեցին, արդեն երեք տարի է՝ ոչինչ չեն անում։ Ապրիլի 2-ից հետո ուզում եմ գնալ մարզպետարան, ասեմ՝ տղաս արժանի չէ՞՝ իր անունով մի դասարան ունենա»։

Աշոտ Շահբազյանը մեծացել է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, դեռ մանկուց էր որոշել, որ դառնալու է զինվորական։ Նրա հայրը և հորեղբայրները մասնակցել են Արցախի ազատագրական պայքարին, Աշոտին անվանակոչել են պատերազմում ընկած հորեղբոր անունով: Աշոտը մեծանալով ու հասկանալով, թե ում անունն է կրում, միշտ բարձրաձայնել է, որ շարունակելու է հորեղբոր կիսատ թողած գործը՝ պայքարելու Արցախի պաշտպանության համար։

«Աշոտը դեռ դպրոց չէր գնում, հեռուստացույցով պատմում էին հորեղբոր մասին, զարմացել էր, ասում էր՝ հեռուստացույցով իմ անունն են տալիս, բացատրեցի, որ խոսքն իր հորեղբոր մասին է, ու պատմեցի, թե նա Արցախում ինչ մարտերի է մասնակցել։ Աշոտը հենց այդ ժամանակ ասաց, որ ցանկանում է զենք ունենալ ու ինքն էլ կռվել… Աշոտին հետաքրքրում էր միայն բանակն ու իր զինվորները, չեմ պատկերացնում, որ նա կարող էր իր զինվորներից բացի՝ այլ հետաքրքրություն ունենալ։ Նպատակ ունեի 2016 թվականի աշնանն Աշոտիս ամուսնացնել, գիտեի, որ սիրած աղջիկ ունի։

Երբ այս թեմայով հետը խոսեցի, միանգամից պատասխանեց, որ դեռ չի ցանկանում ամուսնանալ, ուզում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի իր աշխատանքի ու զինվորների վրա։ Աշոտին Ջաբրաիլի արծիվ էին ասում, կրծքին մեծ արծիվ էր դաջել, դա էր պատճառը։ Ապրիլի 2-ին գնալու եմ Արցախ, ուզում եմ տեսնել այն դիրքը, որտեղ կռվել ու գերի է ընկել որդիս։ Աշոտին կորցնելով՝ կորցրել եմ ամեն ինչ»։

Տիկին Լիանայի խոսքով՝ այսօր իրեն ապրելու ուժ է տալիս կրտսեր որդին՝ Հունանը, որին վերջերս է ամուսնացրել ու ուրախանում է միայն նրա նորաստեղծ ընտանիքի հաջողություններով։

2016 թվականի ապրիլ 2-ին Աշոտը հրաման է ստացել՝միայնակ առաջ չգնալ և սպասել օգնական ուժերի, սակայն տեսնելով թշնամու գրոհը, մի քանի զինվորների հետ մարտի է բռնվել թշնամու հետ։ Մի քանի ժամ պայքարելուց հետո զոհվել է անհավասար մարտում, որից հետո թշնամին գերեվարել է նրա դին ու վերադարձրել օրեր անց։ Նա 23 տարեկան էր։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս