«Մա՛մ, ես դրանից այն կողմ աշխարհ չեմ տեսնում». այսօր Արցախում զոհված Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է
Այսօր 2015թ. ապրիլին Արցախում զոհված Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է։ Սպան այսօր կդառնար 24 տարեկան։ Աշոտը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր: Դպրոցական տարիներից ֆուտբոլով հետաքրքրվող տղան դպրոցն ավարտելուց հետո որոշեց զինվորական դառնալ և ընդունվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Այն ավարտելուց հետո Աշոտը ծառայության նշանակվեց պաշտպանության բանակի զորամասերից մեկում։
Աշոտի մայրը՝ տիկին Լիանան, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Աշոտը սիրում էր ծննդյան օրն ընկերների հետ անցկացնել։ «Աշոտը սիրում էր իր ծննդյան օրը։ Սիրում էր իր ընկերների հետ լինել։ Իր ծննդյան օրերին միշտ եկել է, տանն է եղել»,- պատմեց Աշոտի մայրը։ Վերջին անգամ Աշոտի հետ հարազատները նրա ծննդյան օրը նշել են 2015 թվականին. «2015թ. իր ծննդյան օրը նշել է իր կուրսի տղաների հետ՝ մեր տանը։ Շատ ուրախացան…. բայց վերջում ասաց՝ մա՛մ, այս անգամ, չգիտեմ՝ ինչու, ծննդյանս օրը տխուր եմ։ Ասացի՝ ես նկատել եմ, Աշո՛տ ջան,- ասաց տիկին Լիանան՝ նշելով, որ որդու տխրության պատճառն այդպես էլ չի հասկացել,- Միշտ լռում էր»։
Տիկին Լիանան ասում է՝ Աշոտի բոլոր երազանքները կապված էին իր ծառայության հետ։ «Ինքն էր, իր զորամասը, դիրքերն ու երեխեքը։ Շատ-շատ էր նվիրված։ Երբ մի կողմնակի հարց տայիր՝ Աշո՛տ ջան, ի՞նչ ես ուզում ավել, ասում էր՝ մա՛մ, ես դրանից այն կողմ աշխարհ չեմ տեսնում»,- ասաց Աշոտի մայրը։
Նշենք նաև, որ պաշտպանության բանակի զոհված սպան ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի կամավոր դոնոր էր: