«Արսենալ» – «Նյուքասլ». 4-րդ տեղի պայքարը շարունակվում է

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի վերջին խաղը կլինի «Արսենալի» և «Նյուքասլի» հանդիպումը:

«Արսենալ»

Վերջին շաբաթների ընթացքում «Արսենալը» անսպասելիորեն դարձել է չորրորդ տեղի համար մղվող պայքարում ամենահավանական հաղթողը:

«Արսենալը» 2019 թվականին ստացավ քննադատության հսկայական չափաբաժին այն բանից հետո, երբ լքեց Լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը, ինչպես նաև մի շարք անհաջողություններ կրեց առաջնությունում: Այս ընթացքում լոնդոնյան ակումբը մի քանի անսպասելի պարտություն կրեց Եվրոպայի լիգայում, բայց մի փոքր ստաբիլացրեց խաղը առաջնությունում և ամբողջությամբ վերադարձավ 4-րդ տեղի պայքար:

Վերջին 5 տուրերում «Արսենալը» վաստակել է 13 միավոր, ինչը «Մանչեսթեր Սիթիից» հետո ամենահաջորդ ցուցանիշն է: Ունայի Էմերիի թիմը հաղթեց «Հադերսֆիլդին» (2:1), «Սաութհեմփթոնին» (2:0), «Բորնմութին» (4:1) և անգամ առաջին պարտությանը մատնեց Օլե-Գունար Սուլշերի «Մանչեսթեր Յունայթեդին» (2:0):

Բացի այդ, «Արսենալը» ավելի շուտ վաստակեց, քան կորցրեց միավորներ «Տոտենհեմի» հետ խաղում (1:1):

Ունայի Էմերիի թիմի առավելություններից մեկը սեփական հարկի տակ հրաշալի հանդես գալն է: Տանը լոնդոնցիները գրեթե անպարտելի են:

Այս խաղին չի մասնակցի Լուկաս Տորեյրան, ով որակազրկված է: Վնասվածքներ ունեն Հեկտոր Բելերինը, Ռոբ Հոլդինը, Դենի Ուելբեքը:

«Նյուքասլ»

«Նյուքասլը» վերջին 5 խաղերում ևս բավականին լավ հանդես եկավ և կարողացավ վաստակել 10 միավոր: Թիմը հաղթեց «Հադերսֆիլդին» (2:0), «Բարնլիին» (2:0), «Էվերթոնին» (3:2), ոչ-ոքի խաղաց «Բորնմութի» հետ (2:2) և պարտվեց «Վեսթ Հեմին» (0:2):

Այս արդյունքները թիմին թույլ տվեցին ոչ միայն հեռանալ վտանգավոր գոտուց, այլ նաև տեղ գրավել էլիտար ակումբների շարքում: Վտանագավոր գոտում կրկին չհայտնվելու համար Ռաֆայել Բենիտեսի թիմին պետք է մեկ հաղթանակ՝ ոչ բարդ մրցաշարային օրացույցում:

«Նյուքասլը» ևս հաղթանակների առյուծի բաժինը նվաճել է սեփական հարկի տակ: Մրցակցի հարկի տակ պատկերը այլ է: «Նյուքասլը» արտագնա խաղերում վերջին հաղթանակը տարել է դեկտեմբերի 15-ին:

Թոփ-ակումբների հետ խաղերում «Նյուքասլի» վիճակը այնքան էլ լավ չէ: Լավագույն 6-յակի հետ 10 խաղերում թիմը պարտվել է 9 անգամ, և շատ անսպասելիորեն հաղթել է առաջատար «Մանչեսթեր Սիթիին» (2:1):

Արտագնա խաղերում «Նյուքասլը» պարտվել է «Տոտենհեմին» (0:1), «Չելսիին» (1:2), «Մանչեսթեր Յունայթեդին»(2:3), «Մանչեսթեր Սիթիին» (1:2) և «Լիվերպուլին» (0:4):

«Նյուքասլի» կազմում վնասվածք ունի կիսապաշտպան Շոն Լոնգստաֆը, ինչպես նաև որակազրկված է Ֆաբիան Շերը:

Վիճակագրություն

• Պրեմիեր լիգայում «Արսենալի» անպարտելի շարքը կազմում է 5 խաղ
• Սեփական հարկի տակ «Արսենալը» հաղթել է վերջին 10 խաղերում
• «Նյուքասլը» Պրեմիեր լիգայում պարտվել է վերջին 6 խաղերից 1-ում
• «Նյուքասլը» մրցակցի հարկի տակ չի հաղթում 7 խաղ անընդմեջ
• «Արսենալը» հաղթել է մրցակցին վերջին 10 խաղերից 9-ում

«Արսենալը» պետք է անի ամեն ինչ այս խաղում հաղթելու և լավագույն քառյակի համար պայքարը շարունակելու համար: Ունայի Էմերիի թիմին շատ բան չպետք է խանգարի, քանի որ «Արսենալը» շատ լավ է հանդես գալիս սեփական հարկի տակ և չունի կազմի հետ կապված լուրջ խնդիրներ:

Հիշեցնենք, որ «Արսենալ» – «Նյուքասլ» հանդիպումը կկայանա այսօր՝ 23:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս