Կենտրոնական բանկը սառ ջուր լցրեց Փաշինյանի ոգևորության վրա. Հրապարակվել են ներդրումների ցուցանիշները    

Կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի անցած տարվա վճարային հաշվեկշիռը։ Ինչպես հայտնի է, սա մի փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել նաև կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ։ Ըստ այդմ, անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքները, մեղմ ասած, հեռու են սպասելիքներից։

Թերևս, պատահական չէ, որ այս անգամ վարչապետը չի շտապում դրանք հրապարակայնացնել։ Այնպես, ինչպես արեց երրորդ եռամսյակի ցուցանիշների դեպքում՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018թ. երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50 տոկոսով աճել են` 2017թ. նույն եռամսյակի համեմատ։ 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը կազմել է 75,5 մլն դոլար` 2017թ. 50,9 մլն դոլարի դիմաց»:

Հետաքրքրիր է, նույն կերպ կվարվի՞ վարչապետը նաև չորրորդ եռամսյակի տվյալների հրապարակումից հետո։ Հավանաբար ոչ, որովհետև դրանք այլևս ոգևորվելու առիթ չեն տալիս։

Օտարերկրյա ուղղակի ներդրումները, ի հեճուկս կառավարության ու վարչապետի խոստումների, ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են։ Ընդ որում, ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այնպես էլ՝ երրորդ եռամսյակի համեմատ։

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ անցած տարվա չորրորդ եռամսյակում արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության մեջ իրականացված ուղղակի կապիտալ ներարկումների զուտ հոսքերը կազմել են 70,7 մլն դոլար։ Սա գրեթե 5 միլիոնով պակաս է երրորդ եռամսյակի ցուցանիշից։

Օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազումը շատ ավելի մեծ է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Դրանք ավելի քան 31 մլն դոլարով կրճատվել են։ Անկումը կազմում է առնվազն 30 տոկոս։

Իհարկե, տարվա կտրվածքով արտաքին կապիտալի զուտ հոսքերը մի փոքր ավելացել են։ Բայց դա պայմանավորվել է երկու հիմնական գործոնով։

Նախ՝ էական դեր է ունեցել տարեսկզբին արձանագրված բարձր ներդրումային ակտիվությունը։ Առաջին եռամսյակում օտարերկրյա կապիտալի ուղղակի հոսքերը գերազանցեցին 94 մլն դոլարը։ Հետագա երեք եռամսյակներում ներդրումները նույնիսկ չմոտեցան այդ ցուցանիշին։ Եվ սա՝ այն դեպքում, երբ տարեսկիզբը սովորաբար պասիվ շրջան է՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ ներդրումների համար։

Տարվա կտրվածքով գրանցված ներդրումների 4,5 մլն դոլար աճին նպաստել է նաև երկրորդ եռամսյակի ցուցանիշի վերանայումը։ Ի դեպ, դա եղել է ամենապասիվ ներդրումային շրջանն անցած տարվա ընթացքում։ Նախկինում հրապարակված 8,9 մլն դոլար եռամսյակային ցուցանիշը ԿԲ-ն վերանայել և ավելացրել է 4,9 մլն դոլարով։ Դա էլ ըստ էության եղել է Կենտրոնական բանկի նվերը վարչապետին, որը թույլ է տվել գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։ Հակառակ դեպքում անկումն անխուսափելի կլիներ` նույնիսկ տարեսկզբի բարձր ակտիվության պայմաններում։

Ընդհանուր առմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքն անցած տարի կազմել է 254,3 մլն դոլար` նախորդ տարվա 249,8 միլիոնի դիմաց։ Արձանագրված չնչին աճը կապված է բացառապես առաջին եռամսյակի բարձր ակտիվության և երկրորդ եռամսյակի ցուցանիշի վերանայման հետ։

Ստացվում է, որ թավշյա հեղափոխությունը գոնե այս փուլում ամենևին էլ չի նպաստել Հայաստանում ներդրումների աշխուժացմանը, ինչպես ենթադրվում էր ժամանակին։ Ընդհակառակը` դրան հաջորդող շրջանում օտարերկրյա կապիտալը, որը տարեսկզբին բավական ակտիվ էր, նույնիսկ հետ է քաշվել։

Հրապարակված ցուցանիշները հիմք են տալիս ևս մեկ դատողություն անելու համար. դարձյալ կանգնել է իշխանափոխությունից առաջ Հայաստանի տնտեսության մեջ նշմարվող ներդրումային ակտիվությունը, որը նկատվեց արդեն 2017թ. չորրորդ եռամսյակից և շարունակվեց 2018թ. առաջին եռամսյակում։ Այդ ընթացքում օտարերկրյա կապիտալի զուտ հոսքերը ներքին տնտեսության մեջ էապես ավելացան։ Դրանք կազմեցին շուրջ 196 մլն դոլար։ Իշխանափոխությունից հետո, սակայն, ներդրումային այս ակտիվությունը սառեց։ Սպասումները, որ նախկին իշխանություններին հեռացնելուց հետո արտաքին կապիտալը ողողելու է Հայաստանի տնտեսությունը, չարդարացավ։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հավաստիացնում էր, որ ներդրողները պատրաստ են օր առաջ գալ Հայաստան և ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնել, այնուհանդերձ, հրապարակված ցուցանիշները վկայում են, որ դրանք զուր հույսեր էին։ Չնայած առանց այդ ցուցանիշների էլ նկատելի է, որ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային ակտիվություն չկա։

Հասկանալի է, որ ներդրումները ժամանակ են պահանջում։ Ընդ որում, երբեմն՝ երկար ժամանակ։ Սակայն նման ակնկալիք ունենալու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել դրա համար։ Մի բան, ինչը բնավ չի նկատվում կառավարության գործողությունների մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ իշխանափոխությունը ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսության ներդրումային հոսքերի վրա, այլև հակառակն է եղել։ Մոտենում է կառավարության գործունեության մեկ տարին, իսկ այդ ընթացքում չի հաջողվել դնել որևէ նոր, քիչ թե շատ լուրջ ներդրումային ծրագրի հիմք։

Փոխարենը` ներդրումների նկատմամբ հարուցված խնդիրների պակաս չի եղել։ Կառավարության գործողությունների հետևանքով իշխանափոխությունից հետո, անկախ նրանից, ինչ-որ առումով բարելավվե՞լ է մրցակցային միջավայրը, թե՞ ոչ, էապես ավելացել են Հայաստանի տնտեսության ներդրումային ռիսկերն ու մտահոգությունները։ Ընդ որում, դրանք շարունակվում են նաև այսօր։ Միամտություն է կարծել, որ այդ պայմաններում արտաքին կապիտալը կգա Հայաստան։

Գործունեության գրեթե մեկ տարում կառավարությունը որևէ քայլ չարեց ներդրումների պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար։ Ընդհակառակը` այսօր Հայաստանը կանգնած է միջազգային կառույցներում խոշոր ներդրողի հետ դատական լուրջ պրոցեսի մեջ հայտնվելու վտանգի առաջ։

Ու այն, որ վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից դուխով հայտարարություններ է անում ներդրողների վերաբերյալ, պետք է հասկանա, որ դրանով ոչ թե նպաստում, այլ վնասում է երկրի ներդրումային հեղինակությանը. «Ընկերություններ կան, որ գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախում… ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք՝ ձեզնից»։

Այսքանից հետո ուզում ենք, որ ներդրողները գան ու ներդրումներ անեն Հայաստանում։ Այդպես չի լինում։ Ու բոլորովին պատահական չէ, որ հայտարարված տնտեսական հեղափոխության իրականացման հույսը մնացել են վարկերը։ Բայց արդյո՞ք վարկերով հնարավոր է հեղափոխություն անել։ Սա մեկ այլ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս