«Փաշինյանն ակնհայտ ձեռնոց է նետում՝ ասելով, որ՝ հանկարծ ինձ չմեղադրեք, որ ես ստատուս-քվոյի պահապանն եմ». Ստեփան Սաֆարյան

«Գոնե այս պահին երբ բանակցությունները վերսկսելու փորձեր են արվում, չի կարելի գործընթացին մոտենալ հաղթանակ-պարտություն մոդելով, այսինքն՝ բանակցությունները նրա համար չեն, թե ով է ավելի լավը, որը մյուս կողմին փակուղի է մտցնում: Ի դեպ, մեկ ճշգրտում, Վիեննայի հանդիպման տեքստում դուք բառ անգամ չեք գտնի, որ դրանք  կոչվեն բանակցություններ: Պարզապես անվանվել են հանդիպում»,- խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին՝ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Իհարկե, Ադրբեջանի նախագահը, ինչպես միշտ, բավական մեծ ազատություն է տալիս սեփական խոսքին՝ այն անվանելով թռիչքային, մեկնարկային փուլ բանակցություններում, բայց կարևոր է տեսնել, որ միջնորդների ու հայերի կողմից այս գործընթացի նկատմամբ վերաբերմունքը հետևյալն է. սրանք  նախապատրաստություն են՝ բանակցությունները վերսկսելու համար: Իհարկե, տեսականորեն ցանկացած հանդիպում կարող ենք անվանել բանակցություն, բայց դրանք չենք կարող կոչել Լեռնային Ղարաբաղի կարգավորման խորը գործընթաց: Եվ երբ կարդում ենք Վիեննայի հանդիպման տեքստը, տեսնում ենք, որ հայկական կողմի թիվ մեկ խնդիրը ոչ միայն բանակցային ֆորմատի  վերականգնումն է, և բանակցությունների համար նորմալ միջավայրի ապահովումը, այլև ընդհանուր առմամբ պատերազմի հեռացումն է, տարածաշրջանի կայունությունը:

Բուն հայտարարության մեջ հայկական կողմի ավանդական պահանջն է՝ բացառել երկու կողմերի թշնամանքը, անվստահությունը մեծացնող որևէ քայլ. լինի դա սահմանային միջադեպերի, հանդիպումներին նախորդող կամ հաջորդող հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով: Սա այն է եղել, ինչը նախորդ իշխանություններն էլ են ասել: Սերժ Սարգսյանը մեկ անգամ այսպես ձևակերպեց՝ «անհնար է մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել»:

Ակնհայտ է նաև այն, որ Ադրբեջանի նախագահին տրված է հետքայլ անելու հնարավորություն, որովհետև ապրիլյան պատերազմը երկար ժամկետով փակուղու մեջ է դրել Ադրբեջանին: Այդ պատերազմն ընդհատեց բանակցությունները»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

Խոսելով ապրիլյան պատերազմը «մարսելու» մասին՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարն ասաց, որ, եթե նայենք իրավական տեսանկյունից ու որևէ միջազգային ատյանում հարուցված պատասխանատվության մասին, ապա Հայաստանը, ցավոք, երբևէ այդպիսի առաջարկ չի ներկայացրել:

«Բոլոր ռազմական փորձագետները, պատահական չէ, որ այսօր նշում են՝ Ադրբեջանը զրկված է անակնակալ, բլից-կրիգային, անսպասելի ռազմական հարձակման հնարավորությունից, որովհետև արդեն տեսասարքեր են՝ տեղադրված շփման գծում: Եկեք չմոռանանք, որ Ալիևն ապրիլյան պատերազմի ժամանակ տեսավ, որ լայնամասշտաբ  պատերազմելու իրավունք և ռեսուրս չունի»,- հավելեց Ստեփան Սաֆարյանը:

Նա ընդգծեց՝ նախկինում արվող այն մեծ բլեֆը, որ կողմերը համաձայնության են եկել՝ հեքիաթ է եղել:

«Կողմերի նպատակը ոչ թե հարցը կարգավորելը, այլ իմիտացիա անելն է եղել ու այն ստրատեգիայի ուղղությամբ աշխատելը, թե ո՞վ կստանձնի ձախողման պատասխանատվությունը և ո՞ւմ կսկսեն մեղադրել:

Հայաստանում այժմ հետաքրքիրն այն է, որ Փաշինյանն ակնհայտ ձեռնոց է նետում՝ ասելով, որ՝ հանկարծ ինձ չմեղադրեք, որ ես ստատուս-քվոյի պահապանն եմ: Ես ստատուս-քվոյի փոփոխության ակտիվ կողմնակիցն եմ և այն ճիշտ եմ համարում, որովհետև այն շատ ավելի խոշոր գործոններից է կախված: Պետք է հակամարտության էությունն այլևս չխեղաթյուրվի, ինչը տեսնում ենք Մադրիդյան ձևակերպումներում: Հարցեր են ծագում, օրինակ՝ ինչո՞ւ պետք է տարածքային խնդիրները հակամարտության հետևանք համարվեն, եթե արդեն իսկ կայացած հանրաքվեն չի կարող հետևանք համարվել: Կոնֆլիկտը որտեղի՞ց են հաշվում՝ 1991 թվականի՞ց, երբ որ պատերազմ սկսվեց, թե՞ 1988 թվականից: Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանը մերժել է Մադրիդյան սկզբունքների մասով հիշատակումը: Եթե դրանք  արտացոլում են հակամարտության խեղաթյուրված մեկնաբանություն՝ կարիք չկա դրանց վրա հղում անելու»,- եզրափակեց Ստեփան Սաֆարյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս