
ՆԱՏՕ-ի նավերը ժամանել են վրացական Փոթի նավահանգիստ

ՆԱՏՕ-ի երկրորդ ռազմածովային խմբի մարտանավերը մտել են վրացական Փոթի նավահանգիստ: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում երկրորդ մշտական ռազմածովային խմբի հրամանատար Բուդեվեյն Բութսը հանդիպում կունենա Վրաստանի առափնյա պահպանության ղեկավարի հետ: Նաեւ կկայանան աշխատանքային հանդիպումներ, մշակութային եւ մարզական միջոցառումներ: «ՆԱՏՕ-ի խմբի նավերը եւ Վրաստանի առափնյա պահպանության երկու նավերը՝ «Դիոսկուրիա»-ն եւ «Օչամչիրե»-ն, կանցկացնեն համատեղ զորավարժություններ:
Վարժանքներին նաեւ կմասնակցեն Նիդեռլանդներից, Թուրքիայից, Ռումինիայից եւ Բուլղարիայից ժամանած նավեր»,-ասված է հայտարարության մեջ: Զորավարժություններն անցկացվելու են Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ծովային ուժերի փոխգործակցության եւ փոխհամատեղելիության ընդլայնման նպատակով:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը կքննարկի Սեւ ծովում ներկայության ընդլայնումը, ինչպես նաեւ լրացուցիչ աջակցության ցուցաբերումը Վրաստանին եւ Ուկրաինային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: