Բաժիններ՝

«Հայաստանը Վանոյի հետ ավելի հարուստ էր, առանց նրա՝ որբացած». Լույս է տեսել Վասակ Դարբինյանի՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի» գիրքը

Մարտի 29-ին տեղի ունեցավ գրող, լրագրող Վասակ Դարբինյանի՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսը:

«Զրուցել եմ 28 հոգու հետ: Զրույցների գլխավոր հերոսն իր անուրանալի տաղանդով և ստանձնած բացառիկ դերակատարությամբ ժամանակաշրջանի խորհրդանշական դեմքը դարձած Վանո Սիրադեղյանն է: Գիրքը գրելու համար պահանջվել է 1.5 տարի, իսկ գաղափարը մեր լրագրող ընկերներից մեկինն է, ինչի համար շնորհակալ եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վասակ Դարբինյանը:

Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի համար ժամանակին կազմակերպված ստորագրահավաքին ու լրագրողների հարցին՝ ի՞նչ է անհրաժեշտ հիմա, որպեսզի Վանո Սիրադեղյանը վերադառնա՝ Վասակ Դարբինյանը պատասխանեց՝ «Ցանկություն»:

Հարցին՝ ՀՀ-ում ստեղծված իրավիճակում հնարավոր չէ վերադառնա՞լ, խոչընդոտներ կա՞ն, և ինչպիսի՞ն էր Հայաստանը Վանոյի հետ և առանց նրա՝ հեղինակը նկատեց.

«Ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Շուրջ 20 տարվա բացակայությունը մարդու վերաբերմունքը փոխվում է: Եթե պատասխանեմ, ապա պետք է 1999-2000 թվականների տրամաբանության մեջ տեսնեմ, բայց 21-րդ դարի տրամաբանությանը կարող է և չհամընկնել: Իսկ Հայաստանը Վանոյի հետ ավելի հարուստ էր, առանց նրա՝ որբացած»:

Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցան մարդիկ, ովքեր նաև հեղինակի զրուցակիցներն էին: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց, որ ինքը չի հասկանում Վանո Սիրադեղյանի բացակայությունը. «Շատ բան եմ լսել, խոսել, մեկ է՝ վերջում ասել եմ, որ չեմ հասկանում»:

Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն էլ նշեց, որ գրքում ինչ-որ բաներ ասել են Վանո Սիրադեղյանի մասին, բայց, մեկ հոդվածը, ակնարկը, հարցազրույցը բավարար չէ:

«Վանո Սիրադեղյանը ընդգծված բացառիկ անհատականություն է գրականության մեջ: Տաղանդին, լեզվին տիրապետելուց զատ՝ նա անհատականություն էր, որը չէր կարող չդրսևորվել մյուս ասպարեզներում: Մեր գրականության պատմության մեջ վտարանդիության շատ դեպքեր կան՝ սկսած Մովսես Խորենացուց մինչև մեր ժամանակներ: Գիրքը, որ վերնագրված է «Վանոյի հետ և առանց Վանոյի», ես առանց և-ի կգրեի: Ուզում եմ ասել, որ նա մեր կյանքից բոլորովին չի բացակայել, իր վերադարձի հույսը ունենք »,-ասաց Հակոբ Մովսեսը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս