Մեկ-երկու զինծառայող «գողական» բարքերով փորձել են իրենց «գողական» մտածելակերպով ընդդիմանալ գործող կարգին. Արտակ Դավթյան
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին որեւէ մասնակցություն չի ունեցել Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպին։ Այդ մասին «Շանթ» հ/ը հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Նշենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել ՊՆ գեներալներից մեկի որդին: Ըստ լուրեիի՝ խոսքը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի մասին է, որի որդին ծառայում է այդ զորամասում:
«Դրանք ճիշտ հրապարակումներ չէին, գեներալի որդին որևէ մասնակցություն տվյալ միջոցառմանը չի ունեցել», – ասաց Արտակ Դավթյանը։
Անդրադառնալով գրանցված միջադեպին՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն արձանագրել է. «Ի՞նչ է տեղի ունեցել Մեղրիում. հրամանատարի օրինական պահանջները հիմնական մասով կատարելու վերաբերյալ զինծառայողները փորձել են ըմբոստանալ, քանի որ մեկ-երկու զինծառայող «գողական» բարքերով փորձել են իրենց «գողական» մտածելակերպով ընդդիմանալ գործող կարգին»։ Ըստ նրա՝ զինծառայողների մեծ մասը միջադեպի մասնակից են դարձել ոչ դրական իմաստով «ընկերական» սկզբունքից ելնելով. «Երբ հետագայում խոսել ենք, մասնակից 99 տոկոս զինծառայողները զղջում էին իրենց արարքների համար», – ասաց ԳՇ պետը։