«Իմ քայլի» պատգամավորները չգիտեն` ինչո՞ւ չեն գրանցվել, և ինչո՞ւ են տապալել ԱԺ արտահերթ նիստը

168.am-ն այսօր արդեն տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի արտահերթ նիստը տապալվել է քվորում չլինելու պատճառով։ Արտահերթ նիստին գրանցվել էր 44 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր 67 պատգամավորի ներկայություն։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն պետք է քննարկեր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ: Խորհրդարանն օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունել էր 117 կողմ ձայնով:

Հասկանալի է, որ նիստը տապալվել էր իշխող ուժը ներկայացնող պատգամավորների «ջանքերով»։

Տարօրինակ ու դատապարտելի է, իհարկե, որ 7-րդ գումարման նորընտիր Խորհրադարանի պատգամավորներն անլրջություն են ցուցաբերում ու չեն ներկայանում լիագումար նիստերի դահլիճ՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու համար, սակայն առավել տարակուսելի է այն, որ այն պահին, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարում էր, որ նիստը չի կայանալու քվորում չլինելու պատճառով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին Factor.am-ի տեսախցիկը որսացել էր Խորհրդարանի միջանցքներում խմբված։

Կարդացեք նաև

Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ չեն մասնակցում ԱԺ նիստին, իշխանական քաղաքական ուժի պատգամավորները պատասխանեցին, որ չգիտեն, և միայն խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը կցկտուր, խուսափողական ասաց, որ Արցախ մեկնող խումբն արդեն դուրս է գալիս, իսկ Թագուհի Թովմասյանն էլ հաստատեց, որ Արցախ մեկնող պատգամավորների թիվը բավականին մեծ է, դրա համար էլ նիստը տապալվեց։

Այլ հարց է, թե ինչո՞ւ է պատգամավորների մի մեծ խումբ ԱԺ նիստի օրը մեկնում գործուղման՝ դրանով իսկ չկատարելով իրենց անմիջական պատգամավորական գործառույթը, ե՞րբ է որոշվել գործուղման մեկնելու օրը, արդյո՞ք դա նախապես պլանավորված գործուղում էր, թե՞ հապճեպ, ոտքի վրա կազմակերպված էր։

168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ, խմբված լինելով ԱԺ միջանցքներում, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն ներկայացել նիստերի դահլիճ, և ինչո՞ւ քվորում չի ապահովվել, ԱԺ լրատվության պատասխանատու Հրայր Զորյանն ասաց, որ քվորում չապահովվեց, որովհետև չգրանցվեցին համապատասխան թվով պատգամավորներ։

168.am-ն, այնուամենայնիվ պնդեց, որ պատգամավորներն ԱԺ շենքում, առավել ևս՝ միջանցքում էին, ուրեմն ինչո՞ւ չեն ներկայացել նիստին, ինչին Հ. Զորյանն ասաց. «Բայց երևի այդ պատգամավորներին պիտի հարցվի, չէ՞»։

Պատգամավորներին ևս մեկ անգամ հարցնելու կարիք, թերևս, չկար, քանի որ, ինչպես արդեն տեսանյութում չկար, «Իմ քայլի» պատգամավորները չգիտեին, թե ինչու իրենք նիստին չեն մասնակցում։

Ակնհայտ է, որ ԱԺ-ում ինչ-որ խմորումներ են տեղի ունենում, որոշակի պրոցեսներ են ընթանում, և չի բացառվում, որ ԱԺ նիստի բոյկոտումը կապված էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թափուր տեղի համար ընթացող գործընթացների հետ։

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այդ տեղի համար առաջարկել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, մինչդեռ իշխանություններն այդ հաշվով իրենց պլաններն ունեն՝ ի դեմս փաստաբան Վահե Գրիգորյանի։

Սակայն, ինչպես տեղեկացանք, ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո որոշվել է Արցախ մեկնող պատգամավորներին հետ կանչել ու ապահովել քվորում։

Տեսանյութեր

Լրահոս