«Ի ուրախություն շատերի՝ իմ կարիերան հավաքականում ավարտված է». Իգուաին
«Չելսիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտարարել է, որ այլևս չի խաղա Արգենտինայի հավաքականում:
«Ես խոսեցի Սկալոնիի հետ և նրան ասացի, որ ազգային թիմում իմ կարիերան ավարտվել է: Ես թիմի հետ նորմալ հարաբերություններ ունեմ, նայելու եմ նրան այլ կողմից:
Ես խորը մտածեցի և որոշեցի, որ իմ ցիկլը վերջացավ: Ես ուզում եմ վայելել ընտանիքիս հետ անցկացրած ժամանակը: Ի ուրախություն շատերի՝ իմ կարիերան հավաքականում ավարտված է:
Մեզ անվանում էին անհաջողակներ, քանի որ մենք երեք եզրափակիչ անցանք, բայց մենք չկարողացանք հաղթել այնտեղ, և դրանցից մեկն աշխարհի գավաթի եզրափակիչն էր: Ինձ համար ձախողումն այլ է:
Այժմ նոր խաղացողներին քննադատում են՝ աջակցելու փոխարեն: Բոլորը ցանկանում էին թարմացնել ազգային հավաքականը և մեկ ամիս հետո արդեն դժգոհ են:
Ես գոլ խփեցի Բելգիային՝ 24 տարվա ընթացքում առաջին անգամ թիմը կիսաեզրափակիչ դուրս բերելու համար, խփեցի գոլեր Աշխարհի գավաթի որակավորման փուլում: Սակայն մարդիկ հիշում են միայն սխալները: Սա ֆուտբոլն է:
Ես տեսա, որ իմ ընտանիքը տառապում է այն բանի համար, թե ինչ են ասել իմ մասին: Մարդիկ ասում են տարբեր բաներ, առանց մտածելու, որ ֆուտբոլիստները նույնպես մարդ են, նրանք երբեք իրենց ավելի վեր չեն դասում:
Ֆուտբոլի տեսանկյունից քննադատությունները նորմալ են: Օրինակ՝ երբ ասում են, որ կա ավելի լավ հարձակվող: Բայց երբ նրանք քննադատում են ոչ ֆուտբոլային ասպեկտները և ցանկանում են վնասել քեզ, դա վատ է, դա թունավոր է»,- ասել է Իգուաինը՝ Fox Sports-ի հետ զրույցում:
Սիրարփի Աղաբաբյան