«Եթե վաղը փակվեցին ՏՏ կազմակերպությունները, մենք ի՞նչ ենք անելու, ասելու ենք՝ սխալվեցի՞նք». Մանե Թանդիլյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանի ամբիոնից կարծիք հայտնեց, որ խորհրդարանում բոլորովին այլ մակարդակի քննարկում պետք է ծավալվի, այլ ոչ թե՝ քննադատությունները քննադատել, կամ՝ քննադատություններ թույլ տալ կամ չտալ։ Այս ամենը պատգամավորին զարմացրել է։
Անդրադառնալով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին՝ Մանե Թանդիլյանը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա ճյուղ է և Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, ուստի նախագիծն արժանի է խորքային քննարկման, քննադատությունների, առաջարկների։
Այնուհետև դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Հակոբ Արշակյանին՝ պատգամավորն ասաց.
«Պարոն Արշակյան, խնդիրը հետևյալն է, երբ խոսում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մասին, ակնհայտ է, որ այստեղ պետք է քաջալերվի նորարարությունը, և այս օրենքն ի սկզբանե միտված է եղել ՀՀ-ում այն զարգացնելուն։ Երբ օրենքում փոփոխություն է տեղի ունեցել և օտարերկրյա կազմակերպություններին թույլ է տրվել այստեղ ունենալ դուստր ձեռնարկություններ, առաջացրել է մտահոգություններ այն իմաստով, որ մենք կարծեք թե հնարավորություն ենք տվել հայաստանյան կազմակերպություններին զարգանալ, բայց այդ մեկ փոքր դրույթը սկսում է դա վտանգել, գոնե ընկալումն այդպիսին է։ Այդ պատճառով հայաստանյան լոկալ կազմակերպությունները մրցակցության իմաստով լուրջ խնդիրներ են տեսնում»։
Ըստ պատգամավորի, օրենքի նախագծում ներառված դրույթը ՏՏ ոլորտում առաջացնում է խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։
«Դուք ասում եք՝ ինչո՞ւ հայաստանյան դուստր ձեռնարկություններին տանք այն արտոնությունները, որոնք տալիս ենք օտարերկրյա կազմակերպություններին, գուցե նրանց չտրոհվելու առումով Ձեր դիտարկումը տեղին է, սակայն մրցակցային անհավասար պայմանները մեր տեղական կազմակերպություններին թույլ չի տալու զարգանալ։ Հետևաբար՝ այդ դրույթը կա′մ պետք է հանենք, կա′մ ձևակերպենք, որ այն կազմակերպությունները, որոնք գալու են Հայաստա,ն առնվազն նորարարական ինչ-որ նախաձեռնություն են պարունակում իրենց մեջ և անում են մի բան, որ Հայաստանում այսօր չի արվում, բայց մենք կուզենայինք խթանել։ Այնպես պետք է անել, որ օտարերկրյա կազմակերպությունները խնդիր չլինեն տեղի կազմակերպությունների աշխատանքի համար, չտանեն նրանց տաղանդներին՝ դրանով թուլացնելով տեղական կազմակերպություններին։ Եթե վաղը փակվեցին ՏՏ կազմակերպությունները, մենք ի՞նչ ենք անելու, ասելու ենք՝ սխալվեցի՞նք, սխալ օրե՞նք էր, բայց արդեն վնաս ենք տվել, հետևաբար՝ եկեք այդ վնասը չտանք»,- եզրափակեց Մանե Թանդիլյանը։
Զվարթ Խաչատրյան