«Սա քաղաքական ամբիոն է, այստեղ պատրաստված փոխնախարարներ ուղարկեք». Միքայել Մելքումյանը՝ վարչապետին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց, որ Ազգային ժողով են գալիս փոխնախարարներ, որոնք պատրաստված չեն։
«Այստեղ գալիս են նախարարի տեղակալներ, որոնք անպատրաստ են հստակ հարցերի պատասխանելու համար։ Երբ հարց ենք տալիս, որ կենսաթոշակը ծայրահեղ աղքատների համար 18 հազարից դարձնում ենք 25 հազար դրամ, լավ է, բայց դրա համար պետք է 800 մլն դրամ։ Հիմա 1 տոկոս ՀՆԱ-ի աճը բյուջե է բերում 12 մլրդ դրամ։ Ասում եմ փոխնախարարի խոսքերը, եթե նա թվերը սխալ է հայտնում, «տեմ բոլեե» անպատրաստ է, դրա համար եմ ասում՝ այստեղ գալիս են անպատրաստ»,- ասաց պատգամավորը։
Ըստ նրա, համապատասխան հանձնաժողովի նախագահը և փոխնախարարը թվեր են ասում, որոնք վերաբերում են 18,5 հազար թոշակառուի։
«Բայց հետո հանձնաժողովի նախագահն ասում է՝ 81 հազարի է վերաբերում, խնդրում եմ, սա ինձ բացատրեք։ Խնդրում եմ, այստեղ պատրաստված մարդիկ ուղարկեք, որովհետև սա քաղաքական ամբիոն է։ Մարդիկ չպետք է սոցիալական ծառայության ծախսերը հակադրեն արտադրական ծախսերի իրականացմանը»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը։
Զվարթ Խաչատրյան