Բաժիններ՝

«Եթե եզրակացությունը կլինի բացասական, ուրեմն՝ այդ ծրագիրն ընդհանրապես կփակվի». Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 300 հազար դոլար գումար է հատկացրել միջազգային հեղինակավոր ընկերությանը Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացնելու համար: Այս մասին ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին:

«Փորձաքննությունը տալու է մի հարցի պատասխան՝ արդյոք այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, կառավարելի՞ են, թե՞ կառավարելի չեն, ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն: Ես սա ասում եմ պարզ: Եթե եզրակացությունը կլինի բացասական, այսինքն՝ կասվի, որ այստեղ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ջրային համակարգի և Սևանա լճի համար, ուրեմն՝ այդ ծրագիրն ընդհանրապես կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, այսինքն՝ կառավարելի են, ծրագիրը կաշխատի»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ խնդիրը մի փոքր ձգձգվել է:

Նրա խոսքով խնդիրը ձգձգվել է նաև այն պատճառով, որ հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը, ըստ էության, հրաժարվել է համագործակցել կառավարության հետ:

Կարդացեք նաև

«Եթե դուք հիշում եք, ես գնացի Ջերմուկ, հավաքեցի բոլորին, ասացի՝ ժողովուրդ ջան, եկեք եռակողմ աշխատենք, որ գանք փաստերի վրա հիմնված եզրակացությունների: Իմ խնդիրը ի՞նչն է, որ ես չունեմ որևէ հենք, որի վրա որոշում կայացնեմ, որովհետև մեր մասնագետներն էլ են ընդունում, կառավարությունն էլ է ընդունում, բնապահպանության նախարարությունն էլ է ընդունում, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգում  կան բացեր, կան խոցեր:

Ես հրավիրել եմ բնապահպանության նախարարին, հարց եմ տվել՝ հիմա այս ՇՄԱԳ-ը կա, Դուք անձամբ երաշխավորո՞ւմ եք, որ այն, ինչ այստեղ գրված է՝ ճիշտ է, նա ասել է՝ ոչ, ես չեմ կարող երաշխավորել: Հետևաբար, առաջացել է անհրաժեշտություն հրավիրել փորձաքննություն, որը կլինի մեր գործելու հիմքը: Ես չեմ ուզում, չեմ կարող մոտավորապեսով կամ աչքաչափով որոշում կայացնել: Ինչ որ կլինի այդ եզրակացության մեջ, կառավարությունն այն կյանքի կկոչի»,- ասաց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս