
Կողմ ըլլալով՝ դեմ, կամ հակառակը

Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարության՝ նախորդ տարվա գործունեության ծրագրի հաշվետվությունը, որի քվեարկությունը կկայանա առաջիկայում։ Այդ հաշվետվությունն առանձնահատուկ է մի քանի առումներով։ Հաշվետվությունը հետհեղափոխական կառավարության ծրագրի առաջին կատարողականն է, և հասկանալի է, որ կրում է հեղափոխության բոլոր դրական և բացասական կողմերը։
Բայց ամենահետաքրքիրը վերաբերում է հաշվետվության քվեարկության հնարավոր պատկերին։ Սա նախորդ կառավարության գործունեության հաշվետվությունն է, որին մաս են կազմել նաև «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»։
Հիմա թե՛ մեկը, և թե՛ մյուսը գտնվում են ընդդիմության կարգավիճակում։ Նրանք մի կողմից՝ չեն կարող դեմ քվեարկել մի կառավարության գործունեության հաշվետվությանը, որի մասն են կազմել իրենք, և որի համար պատասխանատվություն են կրում, մյուս կողմից՝ չեն կարող կողմ քվեարկել հաշվետվությանը, քանի որ արդեն գտնվում են ընդդիմության կարգավիճակում։ Սա ինչ-որ իմաստով Հայաստանի քաղաքական կյանքի դեֆորմացվածության արտահայտությունն է, թեև մյուս կողմից՝ այս իրավիճակի հիմքը նաև օբյեկտիվ է՝ սա հեղափոխության հետևանքն է։
Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», թերևս, պետք է առաջնորդվեն իրենց նախկին կոալիցիոն գործընկերոջ՝ Դաշնակցության հայտնի սկզբունքով՝ կողմ ըլլալով՝ դեմ քվեարկեն, կամ դեմ ըլլալով՝ կողմ։