Ինչ կխոսեն Փաշինյանն ու Ալիևը Վիեննայում
Հաշված օրեր անց Վիեննայում, ըստ ամենայնի, տեղի կունենա վերջին ամիսներին ամենաշատ քննարկված արտաքին քաղաքական իրադարձությունը՝ Փաշինյան-Ալիև բարձր մակարդակի պաշտոնական առաջին հանդիպումը:
Նախօրեին տեղական և ռուսական ԶԼՄ-ներն ուշադրություն հրավիրեցին Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության վրա, համաձայն որի՝ նախագահը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ ու առանձնազրույցներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո՝ հղում կատարելով իրենց աղբյուրներին, սկսեցին հայտնել հանդիպման մասին: Սակայն, ինչպես երևում է, Երևանն ու Բաքուն դեռ չեն շտապում հայտնել հանդիպման վերջնական պայմանավորվածության մասին:
«168 Ժամը» տարածված լուրերի առնչությամբ փորձեց նաև պաշտոնական տեղեկատվություն ստանալ, սակայն ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման հանդիպումների մասին անոնսը արվում է համաձայնեցված կարգով՝ պնդելով, որ դա սկզբունք է, որը հայկական կողմը երբևէ չի խախտել:
Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) տարածած մեծ աղմուկ բարձրացրած հաղորդագրության մեջ նշված էր, որ երկու երկրների առաջնորդներն ընդունել են Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ մոտ ապագայում հանդիպելու իրենց հովանու ներքո:
Նույն հաղորդագրության մեջ համանախագահներն առաջին անգամ խոսել էին կարգավորման երեք սկզբունքների ու վեց տարրերի, ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիության և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոխելու միակողմանի հայտարարությունների անընդունելիության մասին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ծավալուն հաղորդագրությունից հետո հայկական կողմը, որը բանակցային ձևաչափին Արցախի միանալու հարցը դիտարկում էր՝ որպես բարձրաստիճան առաջիկա հանդիպման գլխավոր օրակարգ, հայտնեց Մադրիդյան սկզբունքների տարատեսակ մեկնաբանությունները հստակեցնելու անհրաժեշտության մասին Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում:
Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը համանախագահների հայտարարությունից հետո նշեցին նաև, որ հայկական կողմը չի հրաժարվում Արցախին բանակցային սեղան վերադարձնելու առաջնահերթությունից:
Ուշագրավ էր նաև արցախյան կողմի դիրքորոշումը, որը հայտնեց ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ նշելով, թե հնացած սկզբունքներով պետք չէ առաջնորդվել, ուստի Արցախյան կողմը սպասում է առաջարկների ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից: Հատկանշական էր, որ օրերս Երևանում Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակն անդրադարձել էր Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հայկական կողմի ցանկությանը՝ ասելով, որ, իհարկե, ՀՀ կառավարությունը պետք է որոշի ձևաչափերը, բայց որևէ հնարավոր փոփոխություն բանակցային ձևաչափի հարցում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։
«Մենք, կարծում եմ, բավական ժամանակ ենք հատկացրել այս խնդիրների քննարկմանը։ Վստահ եմ՝ ՀՀ կառավարությունն ունի համապատասխան ճիշտ բանաձևը՝ գոյություն ունեցող ձևաչափում բանակցությունները շարունակելու համար»,- ասել էր Լայչակը։
Նշենք նաև, որ նախօրեին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել Զոհրաբ Մնացականյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը, տարածաշրջանային զարգացումները և այն կարևորագույն ազդակներն ու գործոնները, որոնք կարող են դերակատարություն ունենալ այս հարցում:
«168 Ժամի» հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովն անդրադառնալով հանդիպմանն ու ՀՀ իշխանությունների՝ Մադրիդյան սկզբունքները հստակեցնելու առաջարկությանը, վերահաստատեց մեզ ավելի վաղ հայտնած իր դիրքորոշումը, որ ՄԽ համանախագահների հրապարակած սկզբունքների և տարրերի կազմը չի նպաստում հայկական կողմերի շահերի պաշտպանությանը, և այդ օրակարգով հանդիպումները չեն նպաստում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նրա խոսքով, նման օրակարգով բանակցությունների հայկական կողմը չպետք է համաձայնի. առավել ևս, երբ չի հաջողվում նաև առաջընթացի հասնել բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցում:
«Ինչ վերաբերում է հստակեցմանը, ապա ինձ համար դրանց մասին խոսելն արդեն իսկ անիմաստ է: Կա՛մ պետք էր հայտարարել դրանց ընդունելիության մասին, կա՛մ՝ հակառակը, քանի որ այլ կարծիք չի կարող լինել, դրանք չափազանց հստակ են, կա՛մ դու դրանց համաձայն ես, կա՛մ՝ ոչ: Կարգավորման այդ սցենարի դեպքում Ղարաբաղի գոյությունը չի կարող շարունակվել, քանի որ Ղարաբաղը կզրկվի իր անվտանգությունից, կենսական մի շարք աղբյուրներից: Տեսնում ենք, որ այս ճանապարհն անօգուտ է, չի տալիս որևէ արդյունք, ուրեմն պետք է գնալ այլ ճանապարհով, այն որևէ նոր վտանգ չի պարունակում, քանի որ պատերազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը հակամարտության չկարգավորվածության դեպքում բարձր է միշտ»,- ասաց Մոդեստ Կոլերովը:
Նա առաջիկա հնարավոր հանդիպումից առանձնապես լուրջ ակնկալիքներ չունի: Կոլերովի խոսքով, եթե հայկական կողմը ցանկանում է խոսել Մադրիդյան սկզբունքների, դրանց հստակեցման մասին, ապա դա լավ օրակարգ չէ և չի նպաստելու խաղաղ մթնոլորտի հաստատմանը, ուստի չկա որևէ էական ակնկալիք:
Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը, սակայն, գտնում է, որ Մադրիդյան սկզբունքները հստակեցնելու ՀՀ իշխանությունների դիրքորոշումը պարզապես այս հանդիպումից չհրաժարվելու և դրան մասնակցելու պատճառաբանություն է՝ բանակցային գործընթացի թելը չկտրելու նպատակով:
«Համաձայն չեմ տեսակետների հետ, թե պետք է դադարեցնել այս ձևաչափով բանակցությունները, քանի որ հստակեցման կարիք ևս կա, քանի որ կարգավորման տարբեր ծրագրեր են քննարկվել տարբեր ժամանակներ, Ադրբեջանը դեմ կամ կողմ է եղել այս կամ այն սկզբունքին, հրաժարվել կարգավորման այս կամ այն առաջարկից: Առանց բանակցելու և հանդիպելու՝ հնարավոր չի լինելու որևէ խոսակցություն վարել նույնիսկ անհրաժեշտության դեպքում, երբ, օրինակ, սրում տեղի ունենա շփման գծում: Իսկ ՄԽ համանախագահները գոնե այն օղակն են, որոնք կարողանում են արագ կապի դուրս գալ, ժամանել տարածաշրջան, զբաղվել խնդրով, և այս միջազգային օղակը կորցնել չի կարելի: Այլ հարց է, որ սրա շրջանակում կողմերն իրենց դիրքորոշումները կարող են հայտնել, պնդել, ընդլայնել ձևաչափը, և այլն: Բայց դրանից հրաժարումը կնշանակի՝ իրավիճակի սրման է՛լ ավելի բարձր վտանգ:
Հիշեք 2016 թվականի ապրիլյան պատերազմին ընդառաջ տեղի ունեցող գործընթացը: Այն դադարեցված չէր, իհարկե, բայց գործընթաց, ըստ էության, չկար, բացակայում էր կայուն երկխոսությունը, և դա շատ վտանգավոր է: Կարծում եմ՝ դրանից խուսափեցին հայկական իշխանությունները՝ համաձայնելով նախկին ձևաչափով բանակցությունների: Ինչ վերաբերում է հնարավոր արդյունքին, ապա վստահ չեմ, որ մեզ մեծ արդյունքներ են սպասվում, բայց զրուցել պետք է, և արդյունք պետք է դիտարկվի նաև պատերազմի վերսկսման սպառնալիքի նվազումը»,- ասաց գերմանացի փորձագետը: