Նվազագույն կենսաթոշակը Հայաստանում կկազմի 25.500 դրամ. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Դրանով նախատեսվում է Հայաստանում կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել 25 հազար 500 դրամը:
Նախագիծը դրական եզրակացության կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
«Նախագծի ներկայացումը ունի մեկ հիմնական նպատակ` իսպառ բացառել ծայրահեղ աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում: Նախագծով առաջարկվում է կառավարությանը օրենքով վերապահել լիազորություն` սահմանել նվազագույն կենսաթոշակի չափ: Քաղաքացուն վճարվող կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել այդ չափից: Թոշակների հաշվարկման կարգի շրջանակում հիմնական ցուցանիշները սահմանելու լիազորությունը վերապահված է կառավարությանը: Իսկ այդ ցուցանիշներն են հիմանական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքները: Այսօր կենսաթոշակային չափի վրա ազդող հիմնական գործոնները սրանք են: Կառավարությունն առաջարկում է, որ գործիք կիրառել կենսաթոշակային ապահովության համակարգում: Եվ այդ գործիքը նվազագույն կենսաթոշակի չափն է, որից ցածր կենսաթոշակ չի կարող վճարվել»,-ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում: Համապատասխան միջոցները նախատեսված են այս տարվա պետական բյուջեով: Նախագծի ընդունումից հետո դրան կտրվի հետադարձ ուժ, այսինքն՝ կվերահաշվարկվեն կենսաթոշակները, և հունվարի 1-ից փաստացի կենսաթոշակի և նվազագույն կենսաթոշակի չափի տարբերությունը կվճարվի քաղաքացուն:
Սաիյանը տեղեկացրեց նաև, որ այդ 25 500 դրամին կգումարվի նաև 6400 դրամ, եթե անձը առաջին խմբի հաշմանդամություն ունի և 3200 դրամ, եթե երկրորդ խմբի հաշմանդամություն ունի: